Հունվարի 11-ին ամերիկյան Gamestop ընկերության մասին միանշանակ ավելի քիչ մարդիկ էին լսել, քան այսօր: Հունվարի 11-ի դրությամբ Gamestop-ը մոտ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ՝ ԱՄՆ տարբեր նահանգներում և մի քանի այլ երկրներում տեղակայված համակարգչային խաղերի և էլեկտրոնիկայի խանութների ցանց էր: Վերջին տարիներին Gamestop-ի գրանցած ֆինանսական տվյալներն այնքան էլ լավատեսական տրամադրություն չէին ստեղծում ներդրողների մոտ և բազում մասնագետներ կանխատեսում էին ընկերության բաժնետոմսերի գնի անկում: Օնլայն առևտրի տարածումը հատկապես պանդեմիայի ֆոնին զգալիորեն ազդել է ընկերության եկամուտի վրա: Մի քանի խոշոր ներդրումային կազմակերպություններ անգամ “խաղադրույք էին կատարել” Gamestop-ի բաժնետոմսերի գնի անկման վրա: Ֆինանսական շուկաներում խաղադրույքները, բնականաբար, կատարվում են հասարակ խաղադրույքներից տարբեր ձևով: Երբ ներդրողը կանխատեսում է, որ տվյալ արժեթղթի գինը մոտ ապագայում անկում է ապրելու, նա վաճառում է տվյալ արժեթուղթը, պարտավորվելով այն գնել որոշ ժամանակ անց, այսպիսով, եթե կանխատեսումն իրականանա և գինն իրոք իջնի, ներդրողը կունենա շահույթ յուրաքանչյուր վաճառված և հետո գնված արժեթղթի գնի անկման չափով:
Հունվարի 11-ին ընկերությունը հայտարարություն տարածեց վարչակազմում մի քանի փոփոխությունների մասին, որոնց արդյունքում լավատեսական ալիքի ազդեցության տակ մեկ բաժնետոմսի գինը աճեց 13%-ով մեկ օրվա ընթացքում: Այնուհետև աճը դարձավ ուղղակի անկառավարելի: Հունվարի 28-ին Gamestop-ը աշխարհի ամենաքննարկվող ընկերությունն էր, նրա բաժնետոմսերն աշխարհում ամենաակտիվ շրջանառվողը, իսկ ընկերության շուկայական արժեքը հասել էր 30 միլիարդի, այսինքն՝ մոտ 20 անգամ ավելի քան ընդամենը երկու շաբաթ առաջ: Այսպիսի թռիչքի հիմնական պատճառը Reddit սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր էին, որոնց միավորում էր այդ կայքի WallStreetBets խումբը: Այս խմբում մարդիկ քննարկում են արժեթղթերի շուկան, կանխատեսումներ անում, կամ տվյալ դեպքում համախմբվում մեկ նպատակի շուրջ: Տվյալ դեպքում դա Gamestop-ի անկումը կանխելն ու ընկերության դեմ կանխատեսումներ ունեցող ներդրումային ընկերություններին վնասելն էր: Խումբն իր նպատակը որոշ չափով իրագործեց: Երբ բաժնետոմսերի գինն աճում էր, դրանք վաճառած և գնել պարտավորված ներդրողները ստիպված էին գնել արդեն աճած նոր գնով, ինչով իրենք էլ արդեն նպաստում էին գնի հետագա բարձրացմանը: Սակայն այն նորամուծությունը, որը թույլ էր տվել հասարակ մարդկանց համախմբվել և գնալ Ուոլլ Սթրիթի պրոֆեսիոնալ ներդրողների դեմ, հանդես եկավ նաև նրանց կանգնեցնողի դերում: Խոսքը Robinhood-ի մասին է:
Robinhood կոչվող սմարտֆոնի հավելվածը հնարավորություն է ընձեռում օգտատիրոջը իրականացնել բազմատեսակ գործարքներ, որոնք առաջ ի վիճակի էին կատարել միայն ներդրումային կազմակերպությունները: ԱՄՆ-ում ներկա պահին մեծ հանրայնություն վայելող այս ծրագիրը առանց միջնորդավճարի թույլ է տալիս գնել և վաճառել արժեթղթեր, իրականացնել ածանցյալ գործիքներով բարդ ֆինանսական գործարքներ և այլն: Reddit-յան այս ապստամբության հիմնական զենքը հենց Robinhood-ն էր, և Gamestop-ի բաժնետոմս գնողների մեծամասնությունը օգտվում էր հենց այդ հավելվածից: Պատճառաբանելով, որ ընկերության շուրջ վերջերս անկանխատեսելի զարգացումներն ու անորոշությունը գնալով շատանում են, Robinhood-ը ժամանակավորապես դադարեցրեց Gamestop-ի բաժնետոմսերի առքուվաճառքը, այնուհետև հասարակության կողմից ճնշման տակ վերադարձրեց այդ հնարավորությունը, սակայն խիստ սահմանափակ: Իսկ եզրագծից այն կողմ գտնվող ներդրումային կազմակերպությունների համար ոչ մի սահմանափակում չեղավ:
Նույնիսկ առանց Robinhood-ի սահմանափակումների, նման աճը անհնար կլիներ անվերջ շարունակել: Ի վերջո խոսքը գնում է իրական ընկերության մասին, որն ունի որոշակի ակտիվներ, անշարժ գույք, ապրանքանիշ և այլ բնութագրեր, որոնք էլ որոշում են ընկերության և հետևաբար մեկ բաժնետոմսի արժեքը: Ներկա պահին բաժնետոմսի գինը որոշ չափով կայունացել է 50 դոլարի մոտակայքում, ինչը մոտ 150%-ով ավելի է այս պատմության սկզբում եղած գնից: Գնորդների մեծամասնությունը վաճառեց իր բաժնեմասը սահմանափակումների պատճառով, իսկ ընկերության շուրջ առաջացած թոհուբոհը, կարծես թե, մարում է:
Gamestop-ն առաջին “փուչիկը” չէ ֆինանսների աշխարհում: 90-ականների վերջում տեղի ունեցած ինտերնետային մոլուցքը (dotcom bubble) և ԱՄՆ անշարժ գույքի շուկայում 2000-ականների “փուչիկը”, որը հանգեցրեց 2007-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամին ամենաթարմն են բոլորիս հիշողության մեջ: Թերևս ամենաիռացիոնալ մոլուցքը 1630-ականներին վարդակակաչի մոլուցքն էր Հոլանդիայում, որի ժամանակ վարդակակաչի մեկ թերթիկը փոխանակվում էր մեծ հողատարածքների հետ, իսկ որոշ տեսակների թերթիկներն արժեին նույնը, ինչ մի քանի առանձնատուն:
Նմանատիպ դեպքեր պատմության մեջ շատ են, երբեմն դրանք կրում են նաև համաշխարհային բնույթ և խորը ճգնաժամի մեջ ներքաշում երկրներ կամ նույնիսկ ամբողջ աշխարհը: Gamestop-ի առանձնահատկությունը հասարակության վերաբերմունքն է: Կարծիքներ են հնչում, որ սա ավելի լայնամաշտաբ ապստամբության սկիզբ է, արժեթղթերի շուկայի ազատագրման և ժողովրդավարացման գործում մեծ քայլ: Սակայն վերջնական արդյունքը ցույց տվեց, որ առայժմ այդ ազատագրումն ու ժողովրդավարացումը հեռու են իրականությունից, և մի գուցե օպտիմալ կլինի որ դրանք տեղի չունենան:
Անցյալ տարվա հունիսին վերոնշյալ Robinhood-ի 20-ամյա օգտատեր Ալեքսանդր Քիրնսը ինքնասպանություն էր գործել, տեսնելով իր հաշվին ավելի քան 730,000 դոլարի պարտք, որն իրականում ժամանակավոր բնույթ էր կրում և կվերածվեր տղայի իրական ունեցվածքին՝ 16,000 դոլար, երբ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում իր կատարած որոշ գործարքների փոխանցումներն ամբողջովին ավարտվեին: Տղան ինքն էլ իր թողած վերջին գրության մեջ բարձրացնում էր այն հարցը, թե ինչպես կարող էր 20‑ամյա գործազուրկ երիտասարդը գրեթե մեկ միլիոն դոլար պարտք ունենալ: Robinhood‑ն այս դեպքից հետո բազում միջոցառումներ ձեռնարկեց օգտատերերի շրջանում թյուրըմբռնումներից խուսափելու համար: Հնարավոր է, որ Gamestop-ի շրջանառության վրա սահմանափակում դնելով Robinhood-ը փրկել է Ալեքսանդրի պես մի քանի երիտասարդների կյանքեր: Ի վերջո, ընկերության բաժնետոմսն իր բարձրագույն արժեքից գահավիժել է մոտ 90%-ով, իսկ նման անկայունությունը անսովոր է նույնիսկ ֆինանսական շուկաների վետերանների համար:
Ֆինանսական շուկաներում գործունեություն ծավալելու համար տարիների կրթություն և նախապատրաստում է անհրաժեշտ, ինչպես և կյանքի ցանկացած բնագավառում: Ոչ կոմպետենտ անձանց՝ անհամապատասխան իրավիճակում հայտնվելը լի է վտանգներով ինչպես իրենց, այնպես էլ իրենց շրջապատի, ծայրահեղ դեպքում նաև հասարակության ավելի լայն շրջանակների համար: Այսպիսով հարց է ծագում. արդյո՞ք որոշ ոլորտների ազատագրման և ժողովրդավարացման ռիսկերն ու վտանգները չեն գերակշռում հնարավոր բարիքներին:
Հղումներ
https://edition.cnn.com/2021/01/30/business/gamestop-reddit-rebellion-explained/index.html
https://www.theguardian.com/business/2021/jan/27/gamestop-stock-market-retail-wall-street