Մարդկության միլիոնավոր տարիների պատմության ընթացքում աշխարհի բնակչությունն էքսպոնենցիալ աճ է գրանցել: 2022 թվականի վերջում բնակչությունը հատեց 8 միլիարդի սահմանը, այն դեպքում, որ դրանից ընդամենը 200 տարի առաջ բնակչության թվաքանակը չէր հասնում անգամ մեկ միլիարդի: Ներկա պահին, նայելով բնակչության բաժանմանն ըստ երկրների, առաջին հերթին աչքի են ընկնում երկուսը, որտեղ ապրող մարդիկ կազմում են մոլորակի ողջ բնակչության ավելի քան 35%-ը: Դրանք, բնականաբար, Չինաստանն ու Հնդկաստանն են, յուրաքանչյուրը մոտ 1.4 միլիարդ մարդ բնակչությամբ: Սակայն, ինչպես ցանկացած այլ վիճակագրական տվյալի հետ, այստեղ նույնպես իրար այսքան մոտ գտնվող թվերը շատ տարբեր նախապատմություն և ապագա ունեն: Այս երկու երկրների միջև դինամիկան հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել նաև այնպիսի հանգամանքներ, ինչպես բնակչության տարիքային և գենդերային կազմը կամ աճի տեմպերն ու տենդենցները, որոնք գլոբալիզացիայի պայմաններում զգալի հետևանքներ են ունենալու ամբողջ աշխարհի համար:
Գիտնականների կանխատեսումների համաձայն այս տարի աշխարհը կունենա բնակչության թվով նոր առաջատար: Հնդկաստանի և Չինաստանի բնակչության թվաքանակներն արդեն իսկ շատ մոտ են, և հնարավոր է անգամ, որ փոփոխությունն արդեն իսկ տեղի է ունեցել և Հնդկաստանն այժմ աշխարհի ամենաբնակեցված պետությունն է: Քանի որ ներկայումս առկա տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսները բավարար չեն բնակչության հստակ թիվն իմանալու համար, նման ահռելի բնակչությամբ երկրներում, ուր խոսքը գնում է ավելի քան մեկ միլիարդ մարդու մասին, ընդամենը մեկ տոկոսի շեղումը նշանակում է ավելի քան 10 միլիոն մարդ: Այդ իսկ պատճառով է, որ որոշ տնտեսագետների համոզմամբ Հնդկաստանն արդեն աշխարհի ամենաբնակեցված պետությունն է: Այս երկու երկրները նախորդ դարում տասնամյակներ շարունակ գրանցում էին համադրելի աճ, սակայն 90-ականներից սկսած Հնդկաստանում բնակչության աճը զգալի գերազանցում էր ոչ միայն համաշխարհային միջինը, այլև հարևան Չինաստանինը, որտեղ պատմության տարբեր փուլերում մտցվել են խիստ սահմանափակումներ երեխաների քանակի հետ կապված՝ բնակչության անկառավարելի աճը որոշ չափով զսպելու նպատակով: 2016 թվականին Չինաստանում հանվեց մեկ երեխա ունենալու քաղաքականությունը և փոխարինվեց երկուսով, սակայն սա չբերեց ցանկալի արդյունքին. 2016-2021թթ. Չինաստանի բնակչությունն աճել է ընդամենը 2%-ով, այն դեպքում որ Հնդկաստանում նույն ժամանակաշրջանում աճը կազմել է ավելի քան 5%:
Կարևոր է հասկանալ, թե ինչու Չինաստանում որոշում կայացվեց մի քանի տասնամյակ գործած “մեկ երեխայի քաղաքականությունը” փոխարինել նոր օրենսդրությամբ: Ինչպես նշվեց, նման վիճակագրական տվյալների դեպքում միայն բնակչության թվաքանակը դիտարկելը նպատակահարմար չէ: Չինաստանում ցանկանում էին զսպել բնակչության աճը, սակայն կյանքի որակի բարելավման և տնտեսական զարգացման պարագայում երկրում զգալի աճում էր նաև կյանքի տևողությունը: Վերջին տասնամյակների ընթացքում պետական կառավարման մարմինների համար (ինչպես Չինաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում) մեծ գլխացավանք է դարձել ոչ թե ընդհանուր բնակչության, այլ տարեց բնակչության անընդհատ աճը:
Տնտեսության շարժիչ ուժը հանդիսանում է բնակչության աշխատող հատվածը՝ երիտասարդները: Երիտասարդների և տարեցների միջև որոշակի բալանսի խախտման դեպքում պետության տնտեսական ակտիվությունը չի բավարարում տարեցներին, որոնք մեծամասամբ թոշակ և այլ տեսակի նպաստ են ստանում պետությունից, ամբողջովին ապահովելու համար: Նման խնդրի առջև արդեն վաղուց կանգնած են բազմաթիվ երկրներ: Եվրոպական զարգացած պետությունները խնդրի լուծումը տեսան միգրացիայի մեջ, իսկ ասիական զարգացած երկրները, ինչպես Ճապոնիան կամ Հարավային Կորեան մինչև օրս պայքարում են բնակչության նվազման, ծնելիության աննապադեպ ցածր մակարդակի և բնակչության անաշխատունակ հատվածի մեծացման դեմ: Չինաստանի դեպքում խնդիրը սրվում է այն հանգամանքով, որ ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայի, կամ Ճապոնիայի, դեմոգրաֆիկ խնդրի առջև երկիրը կանգնել է տնտեսական զարգացման շատ ավելի վաղ փուլում: 2022 թվականին Չինաստանը նույնիսկ գրանցեց բնակչության նվազում, գրեթե մեկ միլիոնով, որը, չնայած որ մեկ միլիարդից ավել բնակչությամբ պետության համար ոչ այնքան նշանակալի թիվ է, սակայն խոսում է տասնամյակների տենդենցների կտրուկ փոփոխության մասին:
Այս ամենը, ինչպես նաև Հնդկաստանի արագ զարգացող տնտեսությունը, ամբողջովին փոխում են համաշխարհային տնտեսության արդեն սովորական դարձած պատկերը: Բոլորիս հայտնի “Made in China” մակագրությունը հնարավոր է, որ շուտով դառնա “Made in India”: Apple-ի տարբեր ապրանքիների հիմնական պատրաստող թայվանյան Foxconn ընկերությունն արդեն իսկ որոշ արտադրական պրոցեսներ տեղափոխել է Հնդկաստան, և նախատեսում է մոտակա տարիներին իր այլ հաճախորդների, այդ թվում ավտոարտադրողների պատվերները պատրաստել հենց Հնդկաստանում: Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը դարձել էր համաշխարհային արտադրության կենտրոն ամենատարբեր ոլորտներում, սակայն Հնդկաստանն արդեն շատ առումներով ավելի գրավիչ տարբերակ է համարվում բազում ընկերությունների համար:
Այս ամենին գումարվում են նաև աշխարհա-քաղաքական տարբեր հանգամանքներ: Չինաստանի թռիչքաձև աճն ու զարգացումը վերջին տասնամյակի ընթացքում այս երկրին դարձրել է տնտեսության չափսով և հզորությամբ ԱՄՆ-ի հետ համեմատվող միակ պետությունը: Այս մրցակցության համատեքստում գաղափարական տարբերությունները հատկապես ակնառու դարձան նախորդ տասնամյակի վերջում, երբ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ծավալվեց այսպես կոչված “առևտրային պատերազմը”, որի ընթացքում աշխարհի խոշորագույն երկու տնտեսությունների միջև սահմանված սահմանափակումների մեծ մասը մինչ օրս ուժի մեջ է:
Հնդկաստանի վերելքը լիովին փոխում է Երկիր մոլորակում տիրող ստատուս-քվոն: Անցյալ տարի Հնդկաստանի տնտեսությունը շրջանցեց Միացյալ Թագավորությանը և մոտ ապագայում կանխատեսվում է, որ այն կդառնա երրորդ խոշորագույնն աշխարհում, զիջելով միայն ԱՄՆ-ին և Չինաստանին: Հնդկաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը դեռ շատ հեռու է զարգացած պետությունների ցուցանիշներից, այնպես որ Հնդկաստանի տնտեսությունն այս պահին ներկայացնում է ահռելի պոտենցիալ. կենսամակարդակի բարելավումը բերում է նոր, անցյալում չպահանջված ապրանքատեսակների պահանջարկի զգալի բարձրացման, ինչը տեղի ունեցավ Չինաստանում արագ զարգացման տարիներին:
Ներկա պահին միանգամից երկու հնդիկ գործարար համարվում են աշխարհի ամենահարուստ տասը մարդկանցից մեկը: Այսքան տարիների ընթացքում չինաստանցի և ոչ մի գործարար չէր հասել նման բարձունքների: Հնդկաստանում համեմատաբար ազատ տնտեսական օրենսդրությունն ու շուկան, կապիտալի նկատմամբ ավելի թույլ վերահսկողությունն ու պետության ավելի ցածր ներգրավվածությունը ևս մեկ հանգամանք են՝ ներդրողներին, արտասահմանյան ընկերություններին և միջազգային կազմակերպություններին Հնդկաստան բերելու գործում:
Այն, որ Չինաստանն այլևս աշխարհի ամենաբնակեցված պետությունը չէ, ուղղակի ժամանակի հարց է: Երկրորդ խոշորագույն տնտեսության հորիզոնականն, առայժմ ապահով է, սակայն ներկա պահին առկա տենդենցները մոտակա տասնամյակում բերելու են համաշխարհային տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխությունների: