8 միլիարդ (Հայկ Խեկոյան)

Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ Երկիր մոլորակի բնակչությունը հատեց ութ միլիարդի սահմանը նոյեմբերի 15-ին: Անհնար է միանշանակ ասել, թե ով էր մոլորակի ութ միլիարդերորդ բնակիչը: Բնակչության թվաքանակի միայն մոտավոր պատկերացումներ կան անգամ ամենազարգացած երկրներում, այնպես որ ողջ աշխարհի բնակչության թիվը հստակ իմանալու համար մարդկությունը դեռ չունի պահանջվող գործիքակազմը: Ընդամենը մեկ տոկոս շեղումը այդ ահռելի թվից կազմում է 80 միլիոն մարդ, կամ Գերմանիայի բնակչությունից մի փոքր պակաս, ինչն ավելի շատ է, քան աշխարհի մոտ 200 երկրներից 181-ի բնակչությունն է: ՈՒթ միլիարդի մեծությունն ավելի լավ հասկանալու համար Համաշխարհային զարգացման կենտրոնն առաջարկում է պատկերացնել այդ թիվը որպես մեկ այլ թվի քառակուսի: Մեզանից շատերը միաժամանակ ամենաշատ քանակությամբ մարդ տեսել են մեծ մարզադաշտում՝ կարևոր ֆուտբոլային խաղի կամ որևէ միջազգային աստղի համերգի ընթացքում: Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում գտնվող հանրահայտ ՈՒեմբլի մարզադաշտը ամենահարմար տարբերակն է՝ մոլորակի վրա ապրող ութ միլիարդ մարդուն պատկերացնելու համար: Մարզադաշտն ունի 90,000 հանդիսականի համար նախատեսված նստատեղեր, ինչն արդեն իսկ բավականին մեծ թիվ է: Հասկանալու համար, թե որքան շատ է ութ միլիարդ մարդը՝ Համաշխարհային զարգացման կենտրոնն առաջարկում է պատկերացնել, որ նստատեղերից յուրաքանչյուրն ինքնին ևս մեկ ՈՒեմբլի մարզադաշտ է: Այսպես ստանում ենք ՈՒեմբլի մարզադաշտի “քառակուսի”, որը մոտավորապես հավասար է մոլորակի ներկայիս ութ միլիարդանոց բնակչությանը:

Այս բոլոր մարդիկ ապրում են Երկիր մոլորակի՝ մոտ 150 միլիոն կմ2 ցամաքային տարածքի վրա՝ միջինում 61 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին, սակայն աշխարհի բնակչությունը ծայրահեղ անհավասար է բաշխված մոլորակի տարբեր հատվածներում: Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության տարածքը կազմում է Ռուսաստանի Դաշնության տարածքի մեկ տոկոսից էլ պակաս, սակայն Բանգլադեշում ապրում է 165 միլիոն մարդ, ինչը 20 միլիոնով ավել է Ռուսաստանի բնակչությունից: Բնակչության միջին խտությունը Բանգլադեշում գերազանցում է 1000 մարդ/կմ2-ը, Ռուսաստանում այդ ցուցանիշն մոտ է 8-ին: Հայաստանի Հանրապետության բնակչության միջին խտությունը կազմում է 94 մարդ/կմ2:

Աշխարհի բնակչությունն էքսպոնենցիալ աճ է գրանցել հատկապես վերջին երկու դարերի ընթացքում, արդյունաբերական հեղափոխության արդյունքում սկսված տնտեսական, գիտական և տեխնոլոգիական վերելքի հետ զուգահեռ: Սակայն վերջին շրջանում աշխարհի բնակչության տեմպը, կարծես, դանդաղել է: Կապիտալիզմի տրամաբանությամբ ապրող աշխարհի համար սա վատ նորություն է: Ավելի շատ մարդիկ կարող են ավելի շատ արտադրանք ապահովել և ավելի շատ ապրանք սպառել, այսպիսով խթանելով տնտեսական աճը, սակայն մարդկությանը հաճախ տանջել է այն հարցը, թե արդյոք ինչ-որ պահի երկիր մոլորակի ռեսուրսները պարզապես չեն բավականացնի մարդկության պահանջներին: Պատմությունը ցույց է տվել, որ մարդկության բնակչության աճին զուգընթաց գիտական նորանոր նվաճումները թույլ են տվել տասնյակ կամ հարյուրավոր անգամ մեծացնել ուտելիքի կամ էներգիայի արտադրությունը և այժմ էլ մարդկությունը փորձում է նման թռիչքաձև վերելք ապահովել ատոմային և արևային էներգետիկայի ոլորտներում: Իսրայելցի պատմաբան Յուվալ Նոյ Հարարին իր “Սապիենս” գրքում չի բացառում, որ կան էներգիայի անչափ ավելի հզոր աղբյուրներ, որոնք մեզ դեռ նույնիսկ հայտնի չեն, ի վերջո՝ ընդամենը մեկ դար առաջ ատոմների մեջ թաքնված էներգիայի մասին գիտնականները դեռ գաղափար անգամ չունեին:

Վերադառնալով բնակչության աճին, հարկ է նշել, որ այժմ այդ աճի մեջ մեծ դեր է խաղում մարդկանց երկարակեցությունը: Առողջապահության զարգացումը, մասնավորապես դեղամիջոցների և պատվաստանյութերի և հիգիենիկ պարագաների լայն տարածումն ամբողջ աշխարհով մեկ, զգալի բարձրացրել են մարդկային կյանքի միջին տևողությունը` հասցնելով այն 72-ի՝ մոտ 2.5 անգամ ավելի բարձր, քան գիտնականների գնահատմամբ այն կազմում էր 1800 թվականին (29): Կյանքի միջին տևողության այս կտրուկ աճը մեծապես պայմանավորված է մանկական մահացության մակարդակի աննախադեպ կրճատմամբ, սակայն տարիքային սպեկտրի հակառակ կողմում տարեցների տոկոսը ապագա բնակչության կազմում մտահոգում է բազմաթիվ երկրների կառավարություններին: Հաճախ քննարկվում է Ճապոնիայի օրինակը, որտեղ ներկա պահին բնակչության ավելի քան 25%-ը 65-ից բարձր տարիքային խմբում է: Նման խնդրի առջև են կանգնած նաև զարգացած Եվրոպական պետությունները, Հարավային Կորեան և զարմանալիորեն՝ Չինաստանը: Բանն այն է, որ պատմության ընթացքում մեծամասամբ նման խնդիր առաջացել է երկրների զարգացման շատ ավելի ուշ փուլում. Ճապոնիան արդեն իսկ համարվում էր տնտեսապես զարգացած պետություն, երբ տարեցների թիվն սկսեց գերազանցել ցանկալի սահմանները: Աշխատանքային և կրթական լայն հնարավորությունները, հատկապես կանանց շրջանում, բերում են ուշ ամուսնությունների և ավելի ցածր ծնելիության, ինչից բխում է դեմոգրաֆիկ այս ճգնաժամը:

Սակայն ինչպես բնակչության խտության դեպքում, բնակչության աճն էլ ամենատարբեր դրսևորումներ ունի երկրից կախված: Աֆրիկական բազմաթիվ պետություննորում այժմ տեսնում ենք բնակչության աննախադեպ աճ: ՄԱԿ-ի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը մոլորակի բնակչության աճի կեսից ավելին տեղի կունենա ընդամենը ութ երկրներում, որոնցից հինգը գտնվում են Աֆրիկայում: Այս աճը հանգեցնելու է խոշորագույն քաղաքների շրջանում զգալի փոփոխությունների. Մեծամասամբ դրանք գտնվելու են Աֆրիկայում և Հնդկաստանում, իսկ ներկայիս խոշորագույն քաղաքներն ու տնտեսական կենտրոններն ինչպես Նյու Յորքը կամ Տոկյոն անգամ տասնյակում այլևս չեն լինի: Սակայն բնակչության թվաքանակով առավելությունը պարտադիր չէ, որ վերածվի տնտեսական գերակայության: Մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Բելգիան կամ Շվեյցարիան, ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի զգալի տոկոսը, չունենալով խոշոր մեգապոլիսներ կամ աճող բնակչություն: 

Բացի այն, որ դեմոգրաֆիկ իրավիճակը տարբերվում է ըստ երկրների, նաև ամբողջ աշխարհում նկատվում է դեպի խոշոր քաղաքներ միգրացիա, որն այլ կերպ անվանում են ուրբանիզացիա: Քաղաքային բնակչության աճը գյուղական հատվածների հաշվին նույնպես կառավարությունների ուշադրության կենտրոնում է: Այս երևույթին, կարծում եմ, ականատես ենք լինում բոլորս գրեթե ամեն օր, հատկապես երիտասարդության շրջանում, երբ ՀՀ տարբեր մարզերից բազում երիտասարդներ տեղափոխվում են Երևան՝ կրթության կամ աշխատանքի ավելի լավ հնարավորություններ ստանալու համար: Սակայն սա Հայաստանին հատուկ երևույթ չէ: Այսպիսի գործընթաց է տեղի ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Անգամ ԱՄՆ-ի բազմաթիվ փոքր քաղաքներ, որոնք ժամանակին ունեցել են 10,000 կամ ավել բնակիչ, այժմ դժվարությամբ են գոյատևում, զոհ գնալով խոշոր քաղաքների “գրավիտացիոն” ուժին:

Բնակչության աճն անհնար է դիտարկել միայն մեկ հարթության վրա: Այն, որ ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ բնակչությունը դեռ ավելանալու է ևս երեք միլիարդով, մինչև որ հասնի իր գագաթնակետին այս դարի վերջում, շատ տարբեր կերպ է արտահայտվելու Երկիր մոլորակի յուրաքանչյուր հատվածում: 

Related posts

Տնտեսական և ոչ այնքան տնտեսական միությունները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Միլիարդ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

At1, ներդնողների ռիսկային խաղադրույքները, որոնք պահպանում են բանկերի գործունեությունը (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan