Նորաթուխ ներդրողների առաջին “արջի” շուկան (Հայկ Խեկոյան)

Դեռ ոչ շատ վաղ անցյալում ֆինանսական շուկաները բավականին փակ և անհասանելի ոլորտ էին։ Բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ ածանցյալ գործիքների առքուվաճառքը վստահված էր դրա համար հատուկ պատրաստված և երկար տարիներ կրթություն ստացած մասնագետներին։ Մարդկանց համար նման գործարքները կատարվում էին բրոքերների կողմից, որոնք նաև որոշ չափով խաղում էին ֆինանսական խորհրդատուների դերը։ Սակայն 21-րդ դարը կտրուկ փոփոխությունների դար է, և այդ փոփոխություններից մեկն էլ ֆինանսական շուկաների մասսայականացումն է։ 

Ամերիկյան ֆիլմերում հաճախ ցուցադրվում է ֆինանսական աշխարհի սիրտը՝ ՈԻոլ Սթրիթը, որտեղ բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցները անընդհատ զանգերի և բանակցությունների մեջ են, սակայն այդ սպիտակ վերնաշապիկով և մոխրագույն պիջակով կարծրատիպային երիտասարդները այլևս ֆինանսական շուկաների միակ մասնակիցները չեն։ Տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ հնարավոր է դարձել ֆինանսական գործարքներ իրականացնել սմարթֆոնի հավելվածի կամ համակարգչի միջոցով, առանց մասնագետների մասնակցության կամ խորհրդատվության։ Երիտասարդ սերնդի մոտ ֆինանսական գրագիտության ձգտումը, իհարկե, ողջունելի է, և ապագայում կարող է հանգեցնել ավելի կայուն և կանխատեսելի ֆինանսական դրության թե՛ անհատների համար և թե՛ ամբողջ շուկայում։ Սակայն վերջին շրջանում ֆինանսների, ներդրումների կամ բաժնետոմսերի հետ կապված ինֆորմացիոն տեղատարափը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Սոցիալական ցանցերում ներդրումային խորհուրդներ տալիս են բոլոր ցանկացողները, իսկ նրանք միշտ չէ, որ համապատասխան կրթություն, փորձ, գիտելիք կամ որակավորում ունեն։ Հաշվի առնելով, որ պատմականորեն բարձր մակարդակի վրա է համեմատաբար վերջերս ֆինանսական ներդրումների աշխարհ մտած մարդկանց տոկոսը, նմանատիպ խորհրդատուների առկայությունը դառնում է էլ ավելի վտանգավոր։ Համավարակի պայմաններում, երբ միլիոնավոր մարդիկ կորցրին իրենց աշխատանքը, ներդրումների կարևորությունը շատերի համար անհամեմատ աճեց։ Հատկապես երիտասարդ սերունդը սկսեց շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆինանսական շուկաներին, ընկերությունների բաժնետոմսերին և այլն։ 

Անցյալ տարեսկզբին մեծ հանրայնություն ստացավ Reddit սոցիալական կայքի WallStreetBets խումբը, որտեղ նորաթուխ ներդրողները հավաքվում և քննարկում էին իրենց կատարած կամ կատարելիք գործարքները։ Նրանք նույնիսկ համախմբվեցին և փորձեցին արհեստականորեն բարձրացնել որոշ ընկերությունների բաժնետոմսերի գները, անկախ դրանց եկամտաբերությունից կամ հեռանկարներից։ Որոշ դեպքերում դա նրանց նույնիսկ հաջողվեց։

Եթե նայենք, թե ներկա պահին ինչ տրամադրություն է տիրում այդ խմբում, կհասկանանք, որ ֆինանսական ներդրումներ կատարելը իրականում այդքան էլ հեշտ և միանծանակ գործընթաց չէ։ Խմբի անդամներից մեկի վերջերս կատարած գրառմումը հետևյալն է․ պարզվում է՝ ներդրումներ կատարելը բավականին բարդ է, երբ փողն այլևս օդից չի ընկնում։ Օգտատերը նկատի ուներ զարգացած երկրների կառավարությունների կողմից համավարակի ժամանակ օժանդակության առատաձեռն ծրագրերը, ինչպես նաև զրոյական տոկոսադրույքները և ընդհանրապես կենտրոնական բանկերի աննախադեպ ընդլայնողական քաղաքականությունը, որոնք դադարել են վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Խնդրի պատճառը ուղղակի ֆինանսական շուկաների բնականոն ընթացքն է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում թե՛ դրական, թե՛ բացասական տատանումներ։ Ներկա պահին բազմաթիվ գործոններ բացասաբար են ազդում ֆինանսական շուկաների վրա, ինչի արդյունքում համավարակից հետո ներդրումային աշխարհ մտած անփորձ ներդրողների համար սա առաջին “արջի” շուկան է։ “Արջի” շուկայում են համարվում 20-ից ավել տոկոսով արժեզրկված ինդեքսները կամ առանձին ակտիվները։ 2020-ից այս կողմ՝ ընդհուպ մինչև տարեսկիզբ, ֆինանսական շուկաները գրավիչ արդյունքներ էին գրանցում։ Հատկապես համավարակի սկզբնական շրջանում  կտրուկ արժեզրկված ընկերությունները նույնքան կտրուկ աճ գրանցեցին, մեծամասամբ գերազանցելով 2020-ի սկզբի ցուցանիշները։ Ամերիկյան S&P 500 ինդեքսը ռեկորդային բարձրունքի վրա էր, երբ գեո-պոլիտիկ զարգացումները, համավարակով պայմանավորված՝ Չինաստանի մի քանի քաղաքներում խիստ սահմանափակումները և տասնամյակներ չտեսնված մակարդակի գնաճը փոխեցին ամբողջ աշխարհում ակտիվների շարժման վեկտորը։ Նման շուկայական պայմաններում առաջնահերթ է դառնում ներդրողների պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը։ 

Անցյալ տարի ներդրումային օնլայն-հարթակի օգտատեր անգլիացի մի 20-ամյա տղա ինքնասպան եղավ -730,000 թիվը տեսնելուց հետո։ Դա նրա` օրվա վերջի մնացորդն էր ներդրումային օնլայն հարթակում, որը, իրականում պետք է վերածվեր դրական թվի հաջորդ օրը, երբ իր կատարած գործարքների փոխանցումները կատարվեին։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում և մտածելով, որ նա 730,000 ԱՄՆ դոլարի պարտքեր է կուտակել, երիտասարդն իր կյանքին վերջ էր տվել ։ Հաշվի առնելով վերջին շրջանում ֆինանսական շուկաների անկայունությունը, նման ողբերգական դեպքերը շատ ավելի հավանական են հիմա, քան վերջին երկու տարիների ընթացքում, երբ շուկաներն անընդհատ աճում էին։

Երիտասարդների շրջանում նաև մեծ հանրայնություն վայելող կրիպտոարժույթների թեման էլ արդիական է։ Դրանց անկայունության ֆոնին ֆինանսական ինդեքսների 20-տոկոսանոց անկումը ուղղակի փոքրիկ շեղում է, քանի որ կրիպտոարժույթների մեծամասնության արժեքն ընկել է ավելի քան 70%-ով։ Նման անկայուն ակտիվների մեջ ներդրումներ կատարելը մեծագույն ռիսկեր է պարունակում, և դժվար է ասել, թե ներդրողների որ մասն է ամբողջովին հասկանում այդ ռիսկերը և դրանց հետևանքները։

Մասնագետները խորհուրդ են տալիս չմատնվել խուճապի և ներդրումները դիտարկել որպես երկարաժամկետ գործիքներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են թե՛ խելահեղ աճ ունենալ, թե՛ աննախադեպ անկում ապրել։ Ավելի երկար ժամանակահատված դիտարկելիս նույն S&P 500 ինդեքսը շատ ավելի հուսալի ներդրում է հանդիսանում։ ՈՒոլ Սթրիթի ամենահայնտի արտահայտություններից մեկը հետևյալն է․ անվճար լանչ գոյություն չունի։ Ֆինանսական շուկաների տատանումներից միշտ էլ հավանական է, որ որոշ մարդիկ խոշոր եկամուտներ ստանան, սակայն այդ մետաղադրամի հակառակ կողմում կլինեն բազում այլ մարդիկ, որոնց կարողությունը զգալի նվազել է։ Գումարը բախտի քմահաճույքին հանձնելու շատ ավելի հաճելի տարբերակներ գոյություն ունեն, քան ֆինանսական բարդ և անհասկանալի գործիքները։ Հեշտ և արագ հարստանալու մտադրությամբ, սակայն գումարը քամուն տալու պատրաստակամությամբ ավելի ճիշտ կլինի խաղատուն այցելել։ Մեր սմարթֆոններն ու համակարգիչները դա էլ են հնարավոր դարձրել ամենուրեք և ցանկացած պահի։

Related posts

Անցումային գնաճը, որն այդպես էլ չանցավ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

2023-ին բնակչության և տնտեսական աճի տենդենցները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Էլեկտրոմոբիլներ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan