Երբ անցյալ տարի տարբեր ապրանքատեսակների գները բարձրանում էին աննախադեպ արագությամբ ամբողջ աշխարհում, քաղաքական գործիչներն ու ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները մեծամասամբ պնդում էին, որ տեղի ունեցողը ժամանակավոր բնույթ է կրում, որ նկատվող գնաճը անցումային է (La Monica, 2021)։ “Transitory” տերմինով քաղաքական գործիչները փորձում էին ներկայացնել նկատվող գնաճը որպես անհրաժեշտ երևույթ համաշխարհային տնտեսության վերականգնման գործում, և նրանց մտքերին հավաստիություն էր հաղորդում այն փաստը, որ գնային կտրուկ տատանումները սահմանափակվում էին որոշակի ապրանքատեսակներով և չէին կրում այն համատարած բնույթը, որին ականատես ենք լինում 2022 թվականի ընթացքում։
Գնաճը կամ ինֆլյացիան կարևորագույն ցուցանիշներից է տնտեսագիտության մեջ։ Կենտրոնական բանկերի մեծամասնությունը իրենց պաշտոնական կայքերում նշում են գնաճի մակարդակի վերահսկողությունը որպես գոյության նպատակներից մեկը։ Տնտեսական ակտիվության և իրավիճակի փոփոխությունների արդյունքում գրեթե անհնար է պատկերացնել տնտեսություն, որում գների միջին մակարդակը մնա անփոփոխ երկար ժամանակի ընթացքում, այդ իսկ պատճառով քաղաքական գործիչները փորձում են կառավարելի և կանխատեսելի գնաճ ապահովել։ Ինչպես ցույց են տվել պատմության բազմաթիվ դեպքեր, դա միշտ չէ, որ հնարավոր է լինում։ Պատմությանը հայտնի են ինչպես չափազանց բարձր գնաճի (հիպերինֆլյացիա), այնպես էլ բացասական գնաճի, այսինքն՝ գների անկման (դեֆլյացիա) օրինակներ։ Գնաճի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու դեպքում ականատես ենք լինում պարզապես աներևակայելի գնային փոփոխությունների, որոնց արդյունքում տվյալ երկրի արժույթը բացի իր արժեքից կորցնում է նաև վստահությունը և նշանակությունը բնակչության առօրյա գործունեության մեջ։ Խոսքը գնում է միլիարդավոր տոկոսների գնաճի մասին այն դեպքում, որ նույնիսկ գնաճի երկնիշ ցուցանիշն արդեն իսկ խնդիրներ է առաջացնում։
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո երկար տարիներ բազմաթիվ զարգացած երկրներ, որոնց շարքում են Գերմանիան և Ճապոնիան մեծ դժվարությամբ էին պայքարում հնարավոր դեֆլյացիայի դեմ, ամեն կերպ փորձելով աշխուժացնել տնտեսությունը և գրանցել գնաճի դրական ցուցանիշներ։ Դեֆլյացիայի պարագայում մարդիկ հակված են հետաձգել իրենց գնումները, ակնկալելով գների հետագա անկում, ինչի պատճառով գներն էլ ավելի են ընկնում, քանի որ բացակայում է պահանջարկը։ Այս կրկնվող շղթան կարող է կոլապսի ենթարկել նույնիսկ ամենահզոր տնտեսություններին։
Ներկա պահին ամբողջ աշխարհում գնաճը ամենաքննարկվող թեմաներից է։ Այն անցումային գնաճը, որի մասին խոսվում էր մեկ տարի առաջ, այդպես էլ չանցավ։ Ճիշտ է, 2022 թվականին տեղի ունեցող քաղաքական զարգացումներն, իրենց հերթին, մեծ դեր ունեն գնային անկայունության մեջ, սակայն համաշխարհային տնտեսության մեջ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք նպաստում են երկնիշ ցուցանիշների մոտեցող համաշխարհային գնաճին։ Կորոնավիրուսի համավարակը, կարծես թե, բոլորից շուտ և համեմատաբար բարեհաջող հաղթահարած Չինաստանը (աշխարհի երկրորդ ամենախոշոր տնտեսությունը) որոշ քաղաքներում, որոնցից մեկը նաև երկրի խոշորագույն տնտեսական և ֆինանսական կենտրոն Շանհայն է, մցրել էր խստագույն սահմանափակումներ համավարակի հերթական տարածումը կանխելու նպատակով։ Գլոբալիզացված աշխարհի համար անչափ կարևոր այս հանգույցի կանգ առնելը լուրջ հետևանքներ ունեցավ ամբողջ աշխարհի համար։
Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ռազմական գործողություններն էլ անհետևանք չեն համաշխարհային տնտեսության և հատկապես գնաճի համատեքստում։ Էներգետիկ ոլորտի հսկա Ռուսաստանի վրա դրված պատժամիջոցները և եվրոպական երկրների կողմից էներգիայի այլ աղբյուրներ գտնելու անհրաժեշտությունը հանգեցրել են նավթի գների վերջին տարիների համար աննախադեպ աճի։ ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի՝ Գոլդման Սաքսի մասնագետների կանխատեսումներով նավթի մեկ բարելի գինը կգերազանցի 140 ԱՄՆ դոլարը մոտակա ամսիների ընթացքում, այն դեպքում, որ տարեսկզբին 100 դոլարից էլ ցածր էր (Egan, 2022)։ Էներգետիկ ռեսուրսների գնաճը ցնցում է համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ, քանի որ ցանկացած արտադրական պրոցես, մարդկային տեղաշարժ կամ բեռնափոխադրում ուղղակիորեն կախված է օգտագործվող էներգիայի գնից։
Տնտեսական և քաղաքական խնդիրներից զատ նաև ֆինանսական պայմաններն են նպաստում գների բարձրացմանը։ Համավարակի սկզբնական շրջանում միջազգային հիմնական արժույթների վերաֆինանսավորման տոկոսադրույքները գրեթե հավասարվեցին զրոյի և միայն այս տարի է, որ ԱՄՆ Դաշնային Պահուստը այն բարձրացրել է, ընդ որում միանգամից կես տոկոսով, ընդունված քառորդ տոկոսի փոխարեն։ Ակնկալվում է, որ սա միակ կես տոկոսանոց բարձրացումը չի լինի այս տարի (Tepper, 2022)։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պակասացնում է շրջանառվող արժույթի քանակը շուկայում, այսպիսով նպաստելով ընդհանուր առմամբ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի նվազեցմանը, որն էլ իր հերթին խաթարում է գների հետագա աճը։ Սակայն նման քայլի անցանկալի հետևանքներից են ինչպես գործազրկության հնարավոր աճը, այնպես էլ տնտեսական ակտիվության չափից դուրս զսպումը, որը, վատագույն դեպքում, կարող է հանգեցնել ճգնաժամի։ Ճգնաժամով ավարտվող սցենարը շատ հավանական են համարում բազմաթիվ մասնագետներ և պաշտոնատար անձինք, որոնց թվում են ԱՄՆ խոշորագույն բանկի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը և աշխարհի ամենահարուստ անձնավորություն Իլոն Մասկը (Son, 2022) (Reuters, 2022)։ Անգամ Դաշնային Պահուստի նախկին նախագահ Բեն Բերնանկեն հայտարարել է, որ Դաշնային Պահուստն ուշացրել է տոկոսադրույքի բարձրացումը։
Վերջին տասնամյակների ընթացքում ամենաբարձր գլոբալ գնաճի պատճառները բազմաթիվ են և շատ տարբեր, իսկ դրա հետևանքները երևում են բնակչության առօրյա կյանքում։ Թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում նկատելի են սպառողների շրջանում փոփոխություններ։ Դրա առաջին ապացույցը խոշոր հանրախանութների գրանցած արդյունքներն էին տարվա առաջին եռամսյակի ընթացքում։ ԱՄՆ խոշորագույն ցանցի՝ ՈՒոլմարտի եռամսյակային եկամուտը անկում էր ապրել 25%–ով։ Մարդիկ կրճատում են իրենց ծախսերը և դա առաջին հերթին ակներև է դառնում առօրյա գնումների ժամանակ։ Չեղարկվում են ամառային հանգստի պլանները, ինչը կարող ենք տեսնել ավիաընկերությունների գրանցած ցուցանիշներից։
Ներկայիս տնտեսական անկայունությունն, առաջին հերթին գալիս է տնտեսության արտադրող կողմից, այլ ոչ սպառողներից։ Նման դեպքերում կենտրոնական բանկերի համար կրկնակի բարդ է լինում ազդել գնաճի վրա, քանի որ նրանց գործիքակազմը հիմնականում ազդում է սպառողների՝ հետևաբար պահանջարկի վրա։ Արդյունքում, այսպես կոչված “անցումային” գնաճը մեկ տարվա ընթացքում վերածվեց մարդկանց մեծամասնության համար գլխավոր խնդրի, ինչի մասին վկայում են գարնանն անցկացված հարցումների արդյունքները (Dore, 2022)։
Հղումներ
Dore, K. (2022). CNBC. Վերցված հետևյալ աղբյուրից. Inflation is the ‘top problem’ facing America, with no other issue coming close, survey shows:
https://www.cnbc.com/2022/05/16/inflation-is-the-top-problem-facing-america-survey-shows-.html
Egan, M. (2022). CNN Business. Վերցված հետևյալ աղբյուրից. Goldman Sachs predicts $140 oil as gas prices spike near $5 a gallon:
https://edition.cnn.com/2022/06/07/energy/oil-prices/index.html
La Monica, P. R. (2021). CNN Business. Վերցված հետևյալ աղբյուրից. The Fed needs to get real about inflation:
https://edition.cnn.com/2021/05/20/investing/inflation-stocks-economy-federal-reserve/
Reuters. (2022). Reuters. Վերցված հետևյալ աղբյուրից. Factbox: Elon Musk hints at an impending recession:
https://www.reuters.com/markets/us/elon-musk-hints-an-impending-recession-2022-06-03/
Son, H. (2022). CNBC. Վերցված հետևյալ աղբյուրից. Jamie Dimon says ‘brace yourself’ for an economic hurricane caused by the Fed and Ukraine war:
Tepper, T. (2022). Forbes. Վերցված հետևյալ աղբյուրից. Why Is Inflation So High?:
https://www.forbes.com/advisor/investing/why-is-inflation-rising-right-now/