Ազատ Առևտրի Կարևորությունը (Հայկ Խեկոյան)

Տնտեսագիտության կարևորագույն թեզերից մեկը ազատ շուկաների դերն է տնտեսական աճ և զարգացում գրանցելու համար: Խոսքը գնում է ինչպես տեղական շուկաների ազատականացման մասին, այնպես էլ երկրների միջև ամբողջությամբ ազատ առևտուր ունենալու: 

Ավելի քան երկու դար առաջ բրիտանացի տնտեսագետ Դավիթ Ռիկարդոն առաջարկեց միջազգային առևտրի մի մոդել, որը մինչ օրս հանդիսանում է ոլորտի ուսումնասիրման համար կարևորագույն հիմնաքարերից մեկը: Տնտեսական այս մոդելը բավականին պարզ է, սակայն դրանից բխող հետևությունները մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության ընթացքի և զարգացման վրա և հատկապես ակտուալ են այսօր՝ համաշխարհայնացման պայմաններում: 

Միջազգային առևտրի ռիկարդյան մոդելը հետևյալն է. աշխարհը բաղկացած է երկու երկրներից, գոյություն ունի երկու ապրանքատեսակ և մեկ ռեսուրս, որն օգտագործվում է երկու ապրանքատեսակների արտադրության համար: Դա մարդկանց կողմից ներդրված աշխատաժամանակն է: Տնտեսագիտական մոդելները իրականության պարզեցված տարբերակներ են, որոնք, սակայն, հնարավոր է փոփոխել՝ իրականության բազում այլ շերտեր ներառելու համար: Ռիկարդյան մոդելում երկրները միանման չեն, և ինչ-ինչ պատճառներով նույն ապրանքատեսակների արտադրությունը պահանջում է տարբեր քանակի աշխատաժամանակ: Ռիկարդոն ժամանակին դիտարկում էր Մեծ Բրիտանիայի և Պորտուգալիայի միջև հնարավոր ապրանքաշրջանառությունը, այնպես որ, որպես օրինակ մենք նույնպես կվերցնենք այդ երկրները։ 

Պատկերը հետևյալն է. Մեծ Բրիտանիայում ապրում է 100 մարդ, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի է մեկ տարվա ընթացքում արտադրել մեկ շիշ գինի կամ մեկ մետր հագուստի համար նախատեսված գործվածք։ Պորտուգալիայում ապրում է 25 մարդ, որոնցից յուրաքանչյուրը մեկ տարվա ընթացքում կարող է արտադրել չորս շիշ գինի կամ երկու մետր գործվածք։ Նկատենք, որ Պորտուգալիան ունի բացարձակ առավելություն (նույն ապրանքատեսակն ավելի քիչ ռեսուրսների օգտագործմամբ արտադրելու ունակություն) երկու ապրանքատեսակների արտադրության մեջ, սակայն ինչպես ցույց կտան մոդելի արդյունքները, բացարձակ առավելությունը չէ, որ որոշիչ հանգամանք է հանդիսանալու երկրների կողմից ապրանքի ներկրման ու արտահանման հարցում։ Փոխարենը, Ռիկարդոյի կողմից սահմանված համեմատական առավելության սկզբունքն է դարձել միջազգային տնտեսագիտության և ապրանքաշրջանառության կարևորագույն մտքերից մեկը։ 

Նախքան ազատ առևտուր ունենալը Մեծ Բրիտանիան կարող էր տարեկան արտադրել 100 շիշ գինի կամ 100 մետր գործվածք կամ ցանկացած այլ համադրություն որի դեպքում գինու շշերի և գործվածքի մետրերի քանակների գումարը կլիներ հավասար 100-ի։ Կախված մարդկանց ճաշակից և նախասիրություններից, Բրիտանիան կընտրեր հնարավոր տարբերակներից որևէ մեկը և դա կլիներ թե՛ բրիտանական արտադրությունը և թե՛ բրիտանական սպառումը։ Ենթադրենք Բրիտանիայի բնակչությունը որոշում է կայացնում արտադրել հավասար քանակությամբ գինի և գործվածք, այսպիսով ունենալով տարեկան 50 շիշ գինի և 50 մետր գործվածք։

Պորտուգալիայում արտադրության ծայրահեղ դեպքերն են 100 շիշ գինին կամ 50 մետր գործվածքը, քանի որ ողջ բնակչության բացառապես այս կամ այն ոլորտում ներգրավվելը բերում է այդ արդյունքներին։ Պորտուգալիային հասանելի են նաև ապրանքատեսակների այն համադրությունները, որոնց դեպքում արտադրվում է 4 շիշ գինի պակաս, և դրանց փոխարեն հնարավոր է դառնում հավելյալ 2 մետր գործվածքի արտադրությունը, այսինքն՝ 96 և 2, 92 և 4, և այսպես շարունակ մինչև 4 և 48 և վերոնշյալ ծայրահեղ դեպքը՝ 0 և 50։ Պորտուգալիայի դեպքում նախասիրություններին համապատասխանողը կհամարենք հավասար քանակությանն ամենամոտ տարբերակը՝ 32 շիշ գինի և 34 մետր գործվածք, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ութ մարդ աշխատում է գինու արտադրությունում, իսկ մնացած 17-ը՝ գործվածքի։ 

Այսպիսով ունենք հետևյալ իրավիճակը. երկու երկրներից ընդհանուր առմամբ գինու արտադրությամբ զբաղվում է 50+8=58 մարդ, իսկ գործվածքի արտադրությամբ՝ 50+17=67 մարդ։ Նրանց աշխատանքի արդյունքն է ընդհանուր առմամբ 82 շիշ գինին և 84 մետր գործվածքը։ Ձեզանից ոմանք, երևի թե, արդեն իսկ նկատել են, որ երկրների միջև առևտրի առկայության դեպքում հնարավոր կլինի գերազանցել երկու ապրանքատեսակների արտադրության ցուցանիշները, սակայն արտաքին առևտրի բացակայությունը բերում է նրան, որ երկու երկրում էլ արտադրվում են երկու ապրանքատեսակները։ Եթե Մեծ Բրիտանիան ամբողջովին կենտրոնանա հագուստի, իսկ Պորտուգալիան՝ գինու արտադրության վրա, երկու երկրների ընդհանուր արտադրանքը կկազմի 100 մետր գործվածք և 100 շիշ գինի, այսինքն՝ 18 շիշ գինի և 16 մետր հագուստ ավել, քան սկզբնական իրավիճակում՝ նույն քանակի աշխատաժամանակի ներդրման պայմաններում։ 

Երկու դեպքերի միջև միակ տարբերությունը աշխատուժի կենտրոնացումն է “համեմատական առավելություն ունեցող ոլորտներում”։ Բրիտանիայում հերթական շշի արտադրությունը նշանակում է մեկ մետր գործվածքի կորուստ, քանի որ մեկ մարդը կարող է արտադրել մեկ շիշ գինի կամ մեկ մետր գործվածք, հետևաբար Բրիտանիայում մեկ շիշ գինու հնարավորության արժեքը (opportunity cost) կազմում է մեկ մետր գործվածք։ Պորտուգալիայում մեկ շշի հնարավորության արժեքը դրա կեսն է, քանի որ չորս շիշ ավել արտադրելու համար կորուստը կազմում է ընդամենը երկու մետր գործվածք։ Ակնհայտ է, որ չնայած երկու ոլորտներում էլ ունեցած բացարձակ առավելությանը, Պորտուգալիային նույնպես ձեռնտու է Բրիտանիայի հետ առևտրի մեջ ներգրավվածությունը։ Պորտուգալիան ունի համեմատական առավելություն միայն գինու արտադրության մեջ, քանի որ գինու հնարավորության արժեքն այնտեղ ավելի ցածր է, քան Բրիտանիայում, հետևաբար Բրիտանիան ունի համեմատական առավելություն մյուս ապրանքատեսակի՝ հագուստի արտադրության մեջ, քանի որ այստեղ հագուստի հնարավորության արժեքն է ավելի ցածր քան Պորտուգալիայում։ 

Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկյան և եվրոպական ընկերությունների կողմից բազմաթիվ ապրանքատեսակների արտադրության և ծառայությունների մատուցման տեղափոխումը Չինաստան, Հնդկաստան և այլ երկրներ ռիկարդյան մոդելի վառ օրինակներն են իրական կյանքում։ Դավիթ Ռիկարդոյի աշխատությունը ժամանակին փոխեց պատկերացումներն ու մոտեցումները միջազգային առևտրի նկատմամբ և մեծամասամբ դուրս մղեց մերկանտիլիստ մտածելակերպը քաղաքակիրթ աշխարհից։ Համաշխարհայնացման ներկա մթնոլորտը՝ դեպի ազատ առևտուր ճանապարհի հերթական փուլն է, որի սկիզբը դրվել է հենց Ռիկարդոյի կողմից:

Օրինակը և ռիկարդյան մոդելի մանրամասները վերցված են “International Economics third edition” միջազգային տնտեսագիտության դասագրքից, հրատարակված 2014թ. “Worth Publishers” հատարակչության կողմից: Հեղինակներ՝ Ռոբերտ Ֆինսթրա և Ալան Թեյլոր:

Related posts

ՈՒ՞ր կորան գովազդային ընդմիջումները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

ԱՐԴՅՈՔ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԱՐԺԵՑԱՎ, ՔԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆԸ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

2023-ին բնակչության և տնտեսական աճի տենդենցները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan