Բարեկեցության Տարբեր Ցուցանիշները (Հայկ Խեկոյան)

Տնտեսական և քաղաքական քննարկումենրի ժամանակ հաճախ հանդիպող թեմաներից են ՀՆԱ–ն և մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն։ Այս եզրույթը՝ համախառն ներքին արդյունքը, դարերի պատմություն ունի, սակայն ներկայիս տեսքն ու իմաստը ձեռք է բերել 20-րդ դարի ընթացքում, հատկապես ամերիկյան տնտեսագետ Սայմոն Կուզնեցի գործունեության շնորհիվ։ ՀՆԱ–ն տվյալ ժամանակահատվածում (հիմնականում մեկ տարվա ընթացքում) տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքի և ծառայությունների շուկայական արժեքի համագումարն է։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն օգտագործվում է երկրների միջև բարեկեցության համեմատություններ անցկացնելու համար։ Այն երկրների մեծամասնության կողմից օգտագործվում է որպես տնտեսության կարևորագույն ցուցանիշ և տնտեսական աճի ու զարգացման բնութագիր։ Տնտեսական առջընթացը նկարագրելու հարցում ՀՆԱ–ի այլընտրանքներից է ՀԱԵ–ն՝ համախառն ազգային եկամուտը։ Այս ցուցանիշը տարբերվում է ՀՆԱ–ից նրանով, որ ներառում է տվյալ երկրի ռեզիդենտների ստացած եկամուտն արտերկրից և հանում այն եկամուտը, որն օտարերկրացիները ստացել են այդ երկրի տնտեսությունից։ Հատկանշական է, օրինակ, Իռլանդիայի ՀՆԱ–ի և ՀԱԵ–ի միջև տարբերությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում պարբերաբար կազմել է ավելի քան 20%, երբեմն նաև հատելով ավելի բարձր նշաձողեր (Burke-Kennedy, 2021)։ Իռլանդիայում գործող ցածր ձեռնարկատիրական եկամտահարկը խրախուսել է բազում ընկերությունների՝ գրասենյակներ բացել և գործունեություն ծավալել այնտեղ, ինչի շնորհիվ Իռլանդիան ներկայումս ունի աշխարհում ամենաբարձր մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշներից մեկը։ Սակայն այդ գործունեությունից գոյացած եկամուտները չեն մնացել երկրում և փոխարենը վերադարձել այդ ընկերությունների հայրենիք։ Այդ իսկ պատճառով ՀՆԱ–ն պարբերաբար գերագնահատել է Իռլանդիայում բարեկեցությունը և մարդկանց միջին եկամուտը։ Այնուամենայնիվ, ՀԱԵ–ն նույնպես անձեռնմխելի չէ քննադատությունից։ ՀՆԱ–ի հիմնական խնդիրը համարվում է ամբողջովին տնտեսական լինելը, որից զատ չէ նաև ՀԱԵ–ն։

Վերջին տասնամյակների ընթացքում նկատվում է բարեկեցության նոր ցուցանիշների զարգացում և ավելի լայնամաշտաբ կիրառում։ Դրանցից մեկը ՄԱԿ–ի կողմից հաշվարկվող Մարդկային ներուժի զարգացման ինդեքսն է։ Այս ինդեքսը գնահատում է երկրներին երեք ոլորտներում ունեցաց ցուցանիշների հիման վրա։ Ինդեքսի բաղկացուցիչ մաս են կազմում կյանքի առողջությունը, կրթության մակարդակը և վերոնշյալ ՀԱԵ–ն մեկ շնչի հաշվով (UNDP, 2020)։ Ինդեքսի կարևորագույն հատկանիշն այն է, որ այն ներառում է նաև ոչ տնտեսական ցուցանիշներ, ինչի շնորհիվ հնարավոր է ավելի լավ բնութագրել կենսամակարդակը տվյալ երկրում։ 1968թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին իր ելույթներից մեկում հարցականի տակ էր դնում զուտ տնտեսական ցուցանիշների կարևորությունը, նկատելով, որ դրանք չեն ներառում «մեր երխաների առողջությունը, նրանց կրթության որակը կամ նրանց խաղերի բերկրանքը» (Fox, 2012)։

Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, կարծես, փորձում է շտկել այս թերությունները և ներառում առողջությունն ու կրթությունը։ Հատկանշական է, որ ՄԱԿ–ի կողմից հրապարակված վերջին տվյալներով միջինում երկրի զբաղեցրած հորիզոնականները ըստ ինդեքսի և ըստ մեկ շնչին ընկնող ՀԱԵ–ի տարբերվում են գրեթե 12–ով։ Այն 189 երկրներից, որոնց համար ՄԱԿ–ը հրապարակել է տվյալներ 2019թ., ընդամենը 5–ի հորիզոնականներն են մնացել անփոփոխ։ Քաթարն ու Քուվեյթը, օրինակ, զուտ տնտեսական ցանկացած ցուցանիշով աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների շարքում են, սակայն ՄԱԿ–ի ինդեքսի հիման վրա զբաղեցնում են համապատասխանաբար 45–րդ և 64–րդ հորիզոնականները։ Կան նաև հակառակ ուղղությամբ հատկանշական տարբերություններ։ Օրինակ Կուբան ՄԱԿ–ի աղյուսակում 45 հորիզոնականով ավելի բարձր է գտնվում քան ՀԱԵ–ի ցուցանիշով։ Հայաստանը ՄԱԿ–ի աղյուսակում 81–րդն է, իսկ ՀԱԵ–ի ցուցանիշով զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։

 ՄԱԿ–ի ինդեքսը, սակայն, նույնպես ապահովագրված չէ քննադատությունից և որոշակի խնդիրներից։ Չնայած նրան, որ ինդեքսը ներառում է կյանքի տարբեր ոլորտների և երևույթների վերաբերյալ տեղեկատվություն, այնուամենայնիվ այն մեկ թիվ է, որով շատ բարդ է բնութագրել միլիոնավոր մարդկանց կենսամակարդակն ու դրանց միջև տարբերությունը։ Ինդեքսի թերություններից է նաև այն, որ իր մեջ ներառված ցուցանիշները առողջության, կրթության և նույնիսկ տնտեսական ապահովվածության վերաբերյալ ընտրված են մի շարք այլ ցուցանիշների փոխարեն, և դրանցից մեկի փոփոխությունը կարող է բերել վարկանիշների և արդյունքների կտրուկ փոփոխության։ Արդյո՞ք կյանքի տևողությունն ավելի կարևոր ցուցանիշ է, քան նորածինների մահացության տոկոսը։ Արդյո՞ք ՀԱԵ–ն ավելի լավ է բնութագրում տնտեսական իրավիճակը, քան ՀՆԱ–ն։ Կամ արդյո՞ք ՄԱԿ–ի կողմից առանձնացված երեք երևույթները հավասարաչափ կարևոր են, և նրանց կողմից օգտագործվող բանաձևն ամենաօպտիմալն է։ Այս առումով տնտեսական ցուցանիշներն ավելի պարզ և միանշանակ են, ինչը, կարծես, միաժամանակ և՛ դրական, և՛ բացասական հատկանիշ է։

Հղումներ`

Burke-Kennedy, E. (2021). The Irish Times. Վերցված հետևյալ աղբյուրից. We’re not as rich as we have been told to think we are:

https://www.irishtimes.com/business/economy/we-re-not-as-rich-as-we-have-been-told-to-think-we-are-1.4476247

Fox, J. (2012). The Economics of Well-Being. Harvard Business Review.

UNDP. (2020). UNITED NATIONS DEVELOPMENT PROGRAMME Human Development Reports. Վերցված հետևյալ աղբյուրից. Human Development Index (HDI):

http://hdr.undp.org/en/content/human-development-index-hdi

Related posts

Էլեկտրոմոբիլներ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Ի՞ՆՉՊԵՍ ՏԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ (Գայանե Հայրապետյան)

Nelli Avetisyan

Կորոնավիրուսի Շարունակական Հետևանքները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan