Ինչու են անհրաժեշտ կառավարությունները (Հայկ Խեկոյան)

Իրավամբ ժամանակակից տնտեսագիտության հայրը համարվող այս մարդն իր ժամանակի և գործունեության մի զգալի հատված նվիրել է այն հարցին, թե ինչպես են ազատ շուկաները նպաստում վերջիններիս բոլոր մասնակիցների լավագույն շահերին: Ադամ Սմիթն իր «Ազգերի հարստություն» աշխատության մեջ նկարագրում է այն «անտեսանելի ձեռքը», որն առաջնորդում է մեզ բոլորիս այս քաոսային աշխարհում և  անում ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուրս ստանա այն ամենը, ինչի համար մենք պատրաստ ենք վճարել: Եթե նրա գաղափարները դիտարկենք ենթատեքստից դուրս, տպավորություն կստեղծվի, որ կառավարման և վերահսկողության մեզ հայտնի ցանկացած տարատեսակ բացարձակ իմաստազուրկ է: Ուստի նշանակու՞մ է սա արդյոք, որ շուկաները հավիտյան մնալու են անիմաստ կարգավորման ներքո, թե՞ պատմության մեջ մեծագույն գիտնականներից մեկը հանդիսացող Ադամ Սմիթն այնուամենայնիվ սխալվում էր:  Թերևս, ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Ադամ Սմիթի գաղափարներն այսօր էլ միանգամայն օգտակար են, և աշխարհն այսօր ավելի մոտ է շուկաների ազատականացմանը, քան երբևէ: Իսկ կառավարությունների և կարգավորող մարմինների ջանքերը պետք է ուղղված լինեն շուկաների ձախողումների շտկմանը:

Նախ եկեք դիտարկենք տնտեսագիտության հիմնարար հասկացությունները` առաջարկ և պահանջարկ: Հայտնի է, որ ապրանքների գնի և մատակարարման մեջ ուղիղ կապ կա, ուստի որքան բարձր է տվյալ ապրանքի շուկայական գինը, այնքան ավելի շատ ապրանք կմատակարարվի, սակայն ապրանքի և դրա գնի միջև առկա է նաև հակադիր կապը՝ որքան բարձր է արժեքը, այնքան ցածր է պահանջարկը: Եթե մտածենք այն ամենի մասին, ինչ երբևէ գնել ենք կամ որոշել ենք գնել, այս մտքերը մեզ առավել քան բնական կթվան: Շուկաների ազատականացման կողմնակիցների տեսանկյունից, որպեսզի յուրաքանչյուր հավանական վաճառող վաճառի և յուրաքանչյուր հավանական գնորդ գնի տվյալ ապրանքը, անհրաժեշտ է ոչինչ չանել: Գնորդը կգտնի վաճառողին, և հակառակը, փոխանակումը տեղի կունենա, գները կճշգրտվեն, մինչև որ շուկան կայունանա, ինչը կոչվում է հավասարակշռություն (վաճառողների քանակը հավասար է գնորդների քանակին): Ինչու՞ ենք այդ դեպքում ստեղծել անթիվ օրենքներ և կարգեր և ո՞րն է ոլորտից ոլորտ դրանց տարբերվելու պատճառը: Այս հարցերին կարելի է պատասխանել մեկ արտահայտությամբ՝ շուկաների ձախողում: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ շուկան անկարող է գտնվել տալ լավագույն արդյունքը: Որևէ ընկերություն կարող է չարաշահել մենաշնորհային իր դիրքը, կամ օլիգոպոլիայի պայմաններում մի քանի ընկերություններ կարող են գաղտնի համաձայնության գալ սպառողների հաշվին իրենց շահույթի աճ ապահովելու համար, կամ էլ որոշ ընկերություններ կարող են օգտագործել մի շարք ոչ-մրցակցային մեթոդներ, ինչպիսին է, օրինակ, ինքնարժեքից ցածր արժեքով վաճառքը՝ շուկայում բոլորից երկարակյաց գտնվելու և սեփական ընկերության համար մենաշնորհային դիրք ապահովելու հույսով:

Շուկաների ձախողման պակաս քննարկելի և առավել բարդ տեսակը արտաքին ազդեցություններն են: Ըստ Օքսֆորդի տեղեկատու բառարանի սահմանման՝ արտաքին ազդեցությունը «շուկայի մեկ մասնակցի սպառողական կամ արտադրական գործունեության անուղղակի ազդեցությունն է շուկայի մյուս մասնակիցների բարեկեցության կամ տնտեսական գործունեության վրա»: Այլ կերպ ասած՝ ամեն անգամ երբ մենք գնում կամ արտադրում ենք որևէ ապրանք, որը ստեղծում է ծախս կամ եկամուտ մեկ այլ մարդու համար, աշխատում է արտաքին ազդեցության ուժը: Եթե «շուկայի ձախողում» եզրույթը մշտապես դիտվում է բացասական լույսի տակ, ապա «արտաքին ազդեցությունների» դեպքում դա ոչ միշտ է այդպես: Եզրույթն ընդամենը օգտագործվում է նշելու համար այն փաստը, որ շուկան անհավասար է բաշխում իր ռեսուրսները: Տնտեսագետները դրական կամ բացասական են գնահատում արտաքին ազդեցությունները կախված այն բանից, թե վերջիններս արժեքի, թե եկամտի վրա են ազդել: Կառավարություններին էլ անհրաժեշտ է հասկանալ վերջիններիս ամբողջական հետևանքները՝ որոշակի ճշգրտումներ կատարելու նպատակով: Այժմ դիտարկենք արտաքին ազդեցությունների մի քանի օրիակներ և տեսնենք, թե ինչպիսի արձագանք և լուծում են վերջիններս ստանում ժամանակակից աշխարհում:

Մեր օրերում ամենից հաճախ հանդիպող արտաքին ազդեցությունը շրջակա միջավայր արտանետվող վնասակար տարրերն են: Դեռևս արդյունաբերական հեղափոխությունից ի վեր մարդկային գործունեության հսկա մի հատվածն ուղիղ համեմատական է ածխաթթու գազի և այլ գազերի ու նյութերի արտանետումների հետ, որոնք աղտոտում են մեր շնչած օդը, նվազեցնում մեր կենսամակարդակը և ընդհանուր առմամբ երկիրը դարձնում ապրելու համար պակաս բարվոք վայր: Թվում է, թե որոշում ընդունողները հաշվի կառնեին վերոնշյալը, կդադարեցնեին արտանետումները և այլընտրանքներ կփնտրեին (պետք է նշել, որ այսօր արդեն բավական առաջընթաց է նկատվում այս հարցում միացյալ կազմակերպությունների և քաղաքականություն մշակողների մակարդակով), այնուամենայնիվ փորձենք դիտարկել նաև արտանետողների տեսանկյունը և հասկանալ, թե ինչու է սա հանդիսանում բացասական արտաքին ազդեցությունների օրինակ:

Աշխարհում կան միլիոնավոր գործարաններ, որոնց մեծ մասը մշտապես մթնոլորտ են արտանետում վտանգավոր նյութեր: Եթե նայենք այս գործարաններին, կտեսնենք, թե ինչպես են որոշակի նյութերն ու հումքը մեքենաների և մարդկային աշխատանքի ազդեցության տակ վերափոխվում վերջնական արտադրանքի: Ընկերությունը հաշվարկում է այդ ապրանքներից յուրաքանչյուրի արժեքը՝ հաշվի առնելով արդեն կատարված և դեռ կատարվեիք ծախսերը, ավելացնում է շահույթի մարժա, որպեսզի կարողանա տվյալ ապրանքից եկամուտ ստանալ և այն վաճառում է հավանական գնորդին: Ածխաթթու գազի արտանետումների հասարակական բնույթի ծախսը հաշվի չի առնվում, ուստի ոչ արտադրողը, ոչ էլ գնորդը ոչինչ չեն վճարում դրա համար: Նշված ծախսն ըստ էության վճարվում է հասարակության կողմից, ընդ որում առանց վերջինիս համաձայնության: Ուստի օրինակ 90 պայմանական միավոր արժեցող արտադրանքն իրականում արժե մոտ 110 պայմանական միավոր (սա այն դեպքում եթե մեզ հաջողվեր որևէ կերպ հստակ հաշվարկել, որ հասարակական ծախսը կազմում է 20 պայմանական միավոր), այն դեպքում, երբ արտադրանքը վաճառվում է 100 պայմանական միավորով: Ընկերության հաշվապահական և անգամ ֆինանսական տեսակյունից այն արժեք է ստեղծել, սակայն ընդհանուր առմամբ հասարակության տեսակյունից այդ արժեքը ոչնչացված է: Ահա այստեղ է, որ մեզ անհրաժեշտ են կառավարություններն ու կարգերը: Եթե կառավարությունը սահմանում է, որ հասարակական ծախսը կազմում է 20 պայմանական միավոր, ինչը մենք այս պահին կընդունենք որպես հստակ ցուցանիշ, այն կարող է յուրաքանչյուր արտադրված կամ գնված ապրանքի համար գործարանի կամ գնորդի վրա դնել 20 պայմանական միավորին համարժեք հարկ: Այսպիսով փոխարենը վերոնշյալ հասարակական ծախսը վճարվի մարդկանց հաշվին, որոնք այն անգամ չեն էլ տեսել, հենց արտադրողներն էլ կվճարեն այդ ծախսերը: Ահա թե ինչ է անում նմանատիպ հարկը՝ այն սեփականաշնորհում է հասարակական ծախսը:

Սակայն, ինչպես նշեցինք, արտաքին ազդեցությունները ոչ միշտ են կրում բացասական բնույթ: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կոնկրետ ապրանքի կամ ծառայության արտադրությունը կամ սպառումը նպաստել են որոշակի սոցիալական խմբի կամ, միգուցե, ընդհանուր առմամբ հասարակության շահերին:

Որևէ ապրանք գնելիս կամ առհասարակ որևէ գործողություն կատարելիս մարդը հաշվի է առնում տվյալ գործողության համար անհրաժեշտ բոլոր անձնական ծախսերն ու օգուտները, և, եթե օգուտները գերակշռում են ծախսերին, գործողությունը կամ գնումը կատարվում է: Երբ 18-ամյա շրջանավարտը մտածում է ԲՈՒՀ ընդունվել կամ իր կարիերան սկսել՝ աշխատելով այս կամ այն բանկի սպասարկման ոլորտում, նա հաշվի է առնում ծախսերը, որոնք կազմելու են տարեկան մոտավորապես 30000 ԱՄՆ դոլար, միաժամանակ նա գիտե, որ սովորելու փոխարեն նախընտրելով աշխատանքը, նա կարող է վաստակել տարեկան նվազագույնը 25000 ԱՄՆ դոլար: Այդ պահին նրա անձնական ծախսերի հաշվարկը հարում է 55000 ԱՄն դոլարին: Եթե հետևենք վերը նկարագրված տրամաբանությանը, նրա ընտրությունը կախված կլինի այն փաստից, թե արդյո՞ք ԲՈՒՀ հաճախելու օգուտը կգերազանցի 55000 ԱՄՆ դոլարը, թե կլինի դրանից պակաս: Իհարկե բարձրագույն կրթության առավելությունների հաշվարկը բավականին բարդ խնդիր է, սակայն նրան ինչ-որ կերպ հաջողվում է հանգել տարեկան 50000 ԱՄՆ դոլարին: Կարելի է կարծել, որ ավելի լավ կլինի, եթե նա դիմի բանկային աշխատանքին, ինչը նա կանի՝ հաշվի առնելով վերոգրյալը: Այնուամենայնիվ, կրթված անձը կրթություն ստանալով նպաստում է ոչ միայն իր անձնական շահերին. նա նաև դրական արտաքին ազդեցություն է ստեղծում, ինչն էլ արտահայտվում է նրան շրջապատող անձանց հասարակական շահի տեսքով: Ձեր կրթված հարևանը շահեկան է ձեզ համար, քանի որ նա կնպաստի իր կրթության և մասնագիտացման շնորհիվ իրեն հասանելի որոշակի ծրագրերի իրականացմանը ձեր շրջապատի համար, տեղային կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նրանք կատարում են գիտակից և բանական ընտրություն, ինչը հանգեցնում է նրան, որ դուք ունենում եք ավելի լավ տեղային կառավարման մարմիններ, և այլն: Այսպիսով, կրթություն ստանալու օգուտն ավելին է, քան 50000 ԱՄՆ դոլարը, անգամ ավելին, քան 55000 ԱՄՆ դոլարը, սակայն որոշում ընդունողի վրա դա չի անդրադառնում: Այստեղ ևս կառավարության լիազորությունների շրջանակն է անել այնպես, որպեսզի շահույթի ավելցուկը հաշվի առնվի: Եթե շահույթի ավելցուկը կազմում է 10000 ԱՄՆ դոլար, կառավարությունը կարող է շրջանավարտին տրամադրել նվազագույնը 5000 ԱՄն դոլար լրավճար բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու համար, ինչը կշեռքի նժարը կթեքի կրթություն ստանալու կողմը, ինչի արդյունքում էլ ներգրավված անձինք կստանան 10000 ԱՄՆ դոլարի չափով շահույթ: Եթե կառավարությունը ոչինչ չանի, 10000 ԱՄՆ դոլարի չափով հավանական շահույթը կկորի:

Ինչպես նշվեց, պայմանականորեն 1 կգ արտանետված ածխաթթու գազի կամ կրթված հարևան ունենալու հասարակական արժեքը որոշելն այնքան էլ դյուրին չէ: Այս պատճառով է, որ շուկաների ձախողման պատճառները կառավարության կողմից վերացնելը ոչ միշտ է պսակվում հաջողությամբ: Ծախսերը կարող են թերագնահատվել հասարակության կողմից այդ ծախսերի որոշակի մասը փոխհատուցելու արդյունքում, կամ կարող են գերագնահատվել, օրինակ, եթե գործարանը փոխհատուցի շատ ավելին, քան անհրաժեշտ էր: Տնտեսագետների մեծ մասը համամիտ է այն մտքին, որ կառավարությունների ձախողումը կարող է շատ ավելի վատ լինել, քան շուկաների ձախողումները, այնպես որ կառավարության կողմից կատարվելիք ճշգրտումներին պետք է վերաբերվել մեծ ուշադրությամբ և մանրակրկիտ ձևով հաշվի առնել արտադրողների, սպառողների, հասարակության և կառավարության կողմից կայացված բոլոր որոշումների հնարավոր հետևանքները:

Հղումներ

https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095806812#:~:text=Quick%20Reference,Dictionary%20of%20the%20Social%20Sciences%20%C2%BB

Related posts

Էլեկտրոմոբիլներ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Ահա թե ինչու պիտի մտածես կիբեռանվտանգություն սովորելու մասին (հայկ խեկոյան)

Nelli Avetisyan

ԱՐԴՅՈՔ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԱՐԺԵՑԱՎ, ՔԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆԸ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan