“Փող ուղղաթիռից” այո, թե ոչ

Ամփոփ

Պատկերացրեք, որ մի առավոտ հավելյալ գումար եք հայտնաբերում ձեր հաշվին՝ յուրատեսակ նվեր ձեր երկրի կենտրոնական բանկից: Սակայն այսպես կոչված «ուղղաթիռից փող»-ի գաղափարը տարիներ շարունակ հանդիսացել է տնտեսագետների միջև լրջագույն քննարկումների առարկա և այդ բանավեճը պահպանվում է մինչ օրս:

Ամենաթարմ օրինակը COVID-19-ի տեսքով մեր առջև է։ Աշխարհի բոլոր իշխանությունները հավաքվել են գրատախտակի մոտ և ելքեր են փնտրում իրենց երկրների տնտեսությունը փրկելու համար։ Չնայած 2008թ. վարկային ճգնաժամից ի վեր կենտրոնական բանկերի կողմից համաշխարհային ֆինանսական համակարգ ներարկված տրիլիոնավոր դոլարներին, եվրոներին, իեններին և ֆունտերին՝ համաշխարհային տնտեսական աճը դարձյալ դանդաղում է:

Սույն տեսության կողմնակիցները պնդում են, որ անմիջականորեն սպառողին ուղղված «ուղղաթիռից փողը» մարդկանց կտանի ուղիղ դեպի խանութները՝ արագ ծախսելու նոր դրամային ձեռքբերումը, ինչն էլ իր հերթին վստահություն կհաղորդի տնտեսությանը:

Պահանջարկի այդօրինակ աճը կնպաստի գների բարձրացմանը, ինչը կարևորագույն քայլ է, քանի որ գների անկումը կարող է ստեղծել շարունակական ճահճացման վտանգ: Ավելի քան կես դար առաջ ծնունդ առած այս գաղափարի նկատմամբ աճող հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ նախկինում համարձակ համարվող միջոցներն այսօր դարձել են սովորական, կրկնվող և հաճախ նաև անարդյունավետ:

 Ինչ ասել է «ուղղաթիռից փող»

Ինչպես նշեցինք, սա դրամավարկային քաղաքականության ոչ ավանդական գործիք է, որի նպատակն է անկում ապրող տնտեսության վերականգնումը: Այն ենթադրում է մեծ քանակությամբ փողի թողարկում՝ տպագրում, ու մատակարարումը հասարակությանը:

Եզրույթն առաջին անգամ գործածվել է ամերիկացի տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանի կողմից: Ֆրիդմանը ձևակերպեց «ուղղաթիռից փող»-ի գաղափարը 1969թ-ին: Նոբելյան մրցանակակիր տնտեսագետը պատկերացրեց բնակավայրի վրայով թռչող ուղղաթիռից ասես երկնքից թափվող թղթադրամների գաղափարը, որպեսզի այս փորձագիտական ճանապարհով պարզ դառնա թե փողի մեկանգամյա տրամադրումը ինչ ազդեցություն կունենա սպառման ևխնայողության մակարդակի վրա:

Գաղափարն ավելի հայտնի դարձավ 2002թ, Բեն Բերնանկեի շնորհիվ, երբ, հանդիսանալով ԱՄՆ դաշնային պահուստների բանկի նախագահ, նա հիշեցրեց այդ մասին, նշելով, որ Դաշնային պահուստների բանկը անհրաժեշտության դեպքում միշտ էլ կարող է ազդել գնաճի վրա: Նրան այդպես էլ կոչեցին՝ «Ուղղաթիռով Բեն»-ը, չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական ճգնաժամին

հաջորդած տնտեսական անկման ընթացքում Բերնանկեի կողմից օգտագործված մարտավարությամբ փողի թողարկումն ու հասարակությանը մատակարարումը դադարեցվեց:

Ներկայիս բանավերճերը հանգեցնում են այն մտքին, որ «ուղղաթիռից փողը»

հասարակությանը պետք է տրամադրվի կամ վերջիններիս բանկային հաշվին, կամ հարկերի վերադարձի տեսքով: Կարևոր հանգամանքն այն է, որ սա արվում է ոչ թե պետության կողմից ստացված վարկերի գումարների հաշվին կամ ընթացիկ բյուջեից, այլ կենտրոնական բանկի կողմից փողի մեկանգամյա թողարկման տեսքով:

Ո՞րն է «ուղղաթիռից փող»-ի արդիականության պատճառը

Նոր կորոնավիրուսի պայմաններում յուրաքանչյուր օրվան զուգահեռ տնտեսության ավելի ու ավելի անկումը կարելի է ինչ-որ կերպ մեղմել «ուղղաթիռից փողի» օգնությամբ (ՀՆԱ-ի 5%-ի չափով քանակային թուլացում):

Քանակային թուլացման քաղաքականությունը, որն այսօր օգտագործվում է ողջ աշխարհում, մի շարք ֆինանսական հաստատությունների կողմից համարվում է իրավիճակը շտկելու միակ ճանապարհը:

«Ուղղաթիռից փողը» օրակարգային է դարձել, քանի որ կենտրոնական բանկերի կողմից պետական պարտատոմսերի հսկայածավալ գնումը (քանակային  թուլացում) արդեն հանգեցրել է պարտատոմսերի շուկայի մի շարք ներկայացուցիչների եկամտի ռեկորդային անկմանը, ուստի տնտեսության աշխուժացմանը նպաստելու նպատակով վարկավորման ծախսերի նվազեցման հնարավորությունը սահմանափակ է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունների մեծամասնությունը չի ցանկանում կամ անկարող է կիրառել հարկաբյուջետային խթանը՝ հարկերի իջեցման կամ ծախսերի բարձրացման ճանապարհով, դրամավարկային քաղաքականությունն իրականացնելիս կենտրոնական բանկերն, առավել քան երբևէ, ստիպված են դիմել իրենց ձեռքի տակ եղած ոչ ավանդական գործիքների օգնությանը:

Արդյո՞ք «Ուղղաթիռից փողը» և քանակային թուլացումը միևնույն բանն են

Քանակային թուլացումը ևս ենթադրում է պետական պարտատոմսերի գնման նպաակով կենտրոնական բանկերի կողմից փողի թողարկումը: Սակայն ոչ միշտ է կարելի քանակային թուլացմանն ուղղված փողը դիտարկել որպես «փող ուղղաթիռից»:

Այն անկասկած նշանակում է պետական դեֆիցիտի սպասարկման նպատակով փողի թողարկում, սակայն կառավարությունը պարտավոր է վճարել կենտրոնական բանկի կողմից գնված ակտիվների դիմաց:

Սա կենտրոնական բանկերի կողմից պարտատոմսերի գնման գործընթացը չէ, երբ բանկի ունեցած ակտիվները փոխանակվում են կենտրոնական բանկի նոր պահուստների հետ:

«Ուղղաթիռից փողը» տարբերվում է նաև կենտրոնական բանկի կողմից պետական պարտքի ուղիղ ֆինանսավորման գործընթացից:

Եզրակացություն 

«Ուղղաթիռից փողի»գաղափարի կողմնակիցները պնդում են, որ այն քանակային թուլացումից պակաս ռիսկային կարող է լինել, քանի որ վերջինս հաճախ մեղադրվում է գլոբալ արժեթղթային և պարտատոմսերի շուկայում այսպես կոչված ֆինանսական «փուչիկի» մեծացման մեջ:

Բացի այդ կա հավանականություն, որ շահույթը կտարածվի սպասվածից ավելի լայնորեն: Գաղափարի հակառակորդները վիճում են, որ «ուղղաթիռից փողը» այնքան էլ «երկնքից ընկած» չէ:

Փող տպելը արժեզրկում է այն խնայողությունները, որ մարդիկ ունեն իրենց հաշիվներին, այնպես ինչպես նոր բաժնետոմսեր վաճառելիս ընկերությունները թուլացնում են գործող բաժնետերերի ազդեցությունը:

Ոմանք էլ պնդում են, որ «ուղղաթիռից փողը» կառավարությունների կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության չափազանց բարդ վերահսկելի գործիք է:

Առկա է վտանգ, որ «ուղղաթիռից փողը» կհանգեցնի կանխատեսվածից ավել գնաճի, եթե բանկերն ու կառավարությունները չափազանց մեծ կախվածության մեջ ընկնեն այդ խթանող գործիքից:

Հաշվի առնելով, որ այսօր տնտեսության մեջ ոչինչ չի աշխատում այնպես, ինչպես մենք սովորել ենք դասագրքերից, կա հավանականություն, որ մարդիկ այդ անսպասելի փողն ուղղակի կխնայեն այն օգտագործելու փոխարեն:

Related posts

3000-ից քիչ ցուցակված ԱՄՆ ընկերություններ և ավելի քան 7,000 համաշխարհային փոխանակված առևտրային ֆոնդեր

Nelli Avetisyan

Քոուչինգի գործիքների կիրառումը՝ ի նպատակ հանրային քաղաքականության

Nelli Avetisyan