ԱՐԴՅՈՔ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԱՐԺԵՑԱՎ, ՔԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆԸ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ (Հայկ Խեկոյան)

Աշխարհի գավաթի եզրափակիչը Լուսաիլ քաղաքում էր, որը նույնիսկ մի քանի տարի առաջ գոյություն չուներ, ուստի Քաթար 2022-ը կմնա պատմության էջերում և պատճառները, որոնցից ոչ բոլորն ունեն առնչության ֆուտբոլի հետ, բազմաթիվ են: Աշխարհում ոչինչ գոյություն չունի առանձին վերցրած. արվեստը, քաղաքականությունը, փիլիսոփայությունը, բիզնեսը, բարոյագիտությունը, տնտեսագիտությունը, սպորտը և մնացած ամեն ինչ փոխկապակցված են և այդպես եղել է միշտ, այդ իսկ պատճառով, վերնագրի պարզ հարցի պատասխանը զարմանալիորեն բարդ է և անորոշ, սակայն սկզբում այն կարող է պարզ թվալ: Դիցուք, վերցնենք բոլոր նախորդ աշխարհի առաջնությունների ծախսերի մասին եղած տվյալները, դրանք գումարենք, ապա համեմատենք ստացած թիվը այս աշխարհի առաջնությունների ծախսերի ընդհանուր թվի հետ: Յուրաքանչյուր ոք, ով ունի մաթեմատիկայի դպրոցական գիտելիքներ և ինտերնետ հասանելիություն, իսկույն կկատարի առաջադրանքը: Խնդիրը սակայն, բոլորովին էլ կապ չունի մաթեմատիկայի հետ: Հարցին պատասխանելու, ավելի կոնկրետ՝ անհրաժեշտ բոլոր թվերը գտնելու համար պետք է անթիվ-անհամար ենթադրություններ և սուբյեկտիվ դատողություններ անել այն մասին, թե ինչն է պետք և ինչը պետք չէ համարել աշխարհի գավաթի համար արված ծախս:

229 միլիարդ դոլարը աստղաբաշխական թիվ է: Այն գերազանցում է աշխարհի շատ երկրների ՀՆԱ-ն, համընկնում է Քաթարի ՀՆԱ-ի հետ, բայց սա նաև ապակողմնորոշիչ թիվ է, որն այս աշխարհի գավաթի նախաշեմին բազմիցս օգտագործվել է ԶԼՄ-ների կողմից:

Որպեսզի հասկանանք, թե ինչու է այս թիվը ապակողմնորոշիչ և ոչ ճշգրիտ, առաջարկում ենք ստանալ նմանատիպ պատկեր շատ ավելի փոքր մասշտաբով՝ մեկ անձի տեսանկյունից: Թեմայից շատ չշեղվելու համար, պատկերացնենք, որ ես ցանկանում եմ կազմակերպել աշխարհի գավաթի եզրափակչի մեծ դիտման հավաքույթ քսան ընկերներիս հետ իմ տանը և ինձ պետք է հասկանալ, թե որքան գումար եմ ծախսելու: Ահա հենց այստեղ էլ բախվում ենք այն խնդրին, թե ինչն է պետք և ինչը պետք չէ ներառել ծախսերի հաշվարկում: Որոշ ծախսեր հեշտ կլինի դասակարգել, քանի որ դրանք ուղղակիորեն և բացառապես վերաբերում են այս միջոցառման կազմակերպմանը, ինչպես օրինակ՝ զգալի ծավալի գարեջուր և մի քանի կիլոգրամ չիփս գնելը, քսան հոգու համար սնունդ և զովացուցիչ ըմպելիքներ պատվիրելը և այլ գնումներ, որոնք նախատեսված են հավաքույթի մասնակիցների կողմից տեղում սպառման համար: Ի հավելումն դրան, ինձ պետք է համոզվել, որ հարմարավետ կլինի դիտել խաղը քսան անձի հետ: Այսինքն եթե աթոռ ունեմ միայն տասը հոգու համար, ստիպված կլինեմ ևս տասն աթոռ ձեռք բերելու մասին մտածել՝ վերցնել հարևաններից (հուսով եմ անվճար) և գնել տասն աթոռ, որոնք, հավանաբար, նկուղում կմնան մինչև հաջորդ մեծ հավաքույթը: Եթե արդեն ունեմ մեծ հեռուստացույց, ապա մի ծախս կնվազի, իսկ եթե չունեմ և պիտի գնեմ, ապա, անշուշտ, ևս մեկ ծախս է ավելանում: Այնուամենայնիվ, այսպես կլինի ամենապարզ մոտեցմամբ: «Արդյո՞ք ես մտադիր էի հեռուստացույց գնել անկախ այս հավաքույթից», հարցի պատասխանից էլ կախված կներառենք այն հաշվարկներում, թե ոչ: Եթե ընտրեմ հավաքույթի համար ավելի մեծ հեռուստացույց ունենալը, ապա գնային զգալի տարբերություն կլինի: Եթե ընտրեմ պրոյեկտոր վարձակալելու տարբերակը հեռուստացույցի փոխարեն (վերջինս կարող եմ հետո էլ օգտագործել), ապա անկասկած, ծախսերը կնվազեն և ի վերջո կմնան միայն նվազագույն կարևոր ծախսերը, որոնք են գարեջուր և չիփս:

Ակնհայտ է, որ կան բազում հնարավորություններ, որոնցով էլ պայմանավորված են ծախսերը: Բանն այն է, որ ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, թե որքան գումար է արժեցել այս աշխարհի առաջնությունը և փորձելն էլ լիովին անիմաստ է: Այս աշխարհի գավաթի ընձեռած օգտակարությունը շոշափելի կդառնա ինչ-որ մի օր ապագայում և ինչպիսի ընթացք Քաթարն ու ամբողջ աշխարհը կընտրեն, այնպես էլ այդ օգտակարությունը կկրի որոշակի ազդեցություն:

Զեկույցներում նշվում է, որ 31 միլիարդ դոլար ծախսվել է տրանսպորտային ենթակառուցվածքների վրա, 48 միլիարդ դոլար՝ հյուրընկալության բարելավման, ևս 28 միլիարդ դոլար՝ նոր քաղաքի կառուցման վրա, որտեղ կկայանա եզրափակիչը: Այս ամբողջը կմնա իր տեղում աշխարհի առաջնությունից հետո էլ և կծառայի երկրին տասնամյակներ շարունակ: 31 միլիարդ դոլարի մեջ են մտնում այն ծախսերը, որոնք արվել են Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանը աշխարհի լավագույն և բանուկ օդանավայաններից մեկը վերածելու համար: Քաթարի՝ աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ստանալուց հետո օդանավակայանը և հենց ինքը երկիրը, դարձել են բազմաթիվ ուղղությունների միջազգային հանգույց: Օդանավակայանին զուգահեռ՝ «Քաթար ավիաուղիներն» այժմ համարվում է աշխարհի լավագույն ավիաընկերություններից մեկը, ուստի 229 միլիարդ դոլարի ծախսը, անկասկած շատ ավելի երկար մնայուն կլինի, քան բուն մրցաշարը:

Մեկ այլ պատմություն է զրոյից յոթ մարզադաշտ կառուցելու և ութերորդը վերանորոգելու համար ծախսված 6,5 միլիարդ դոլարը: Ֆուտբոլի պատմության և ֆուտբոլային գործունեության բացակայության պայմաններում, աշխարհի առաջնությանն ընդառաջ կառուցված վիթխարի կառույցները մատնվելու են անգործության այնպես ինչպես ֆուտբոլի, այնպես էլ տրանսպորտային առումով: Բրազիլիան և Ռուսաստանը զարգացող երկրներ էին, որտեղ ամեն ինչ նույնպես զարգանում էր, ներառյալ մարզադաշտերը, ճանապարհները և հյուրանոցները, որոնք նրանք զգալիորեն բարելավեցին, ինչի մասին զարգացած տնտեսությամբ Գերմանիան չէր էլ մտածում: Իսկ Քաթարը ստիպված էր զրոյից կառուցել այս ամենը: Դառնալով տանն անցկացվող հավաքույթի օրինակին՝ նշենք, որ ծախսերը կտարբերվեն նաև ելնելով այն բանից, թե ինչ սկզբնական վիճակում էր տունը նախքան ընկերներին հրավիրելը:

Այսպես թե այնպես, այս աշխարհի առաջնությունը Քաթարին մեծապես տեսանելի դարձրեց: Պարսից ծոցի քաղաքները, ինչպիսիք են Դոհան, Մանաման կամ Քուվեյթը, հաճախ էին մնում ստվերում, քանի որ Դուբայը դարձել էր հիմնական միջազգային հանգույցը և ծովածոցի զարդը, այսպիսով՝ նրանք փորձում են իրենց տեսանելի դարձնել աշխարհին արտառոց ու արտասովոր միջոցներով: Անցյալ տարի Քաթարն առաջին անգամ հյուրընկալեց Ֆորմուլա 1-ի ավտոմրցարշավը:  Նշոնք նաև, որ  Սաուդյան Արաբիան ևս անցկացրել է ավտոմրցարշավ, իսկ Բահրեյնը, ԱՄԷ-ն և Սինգապուրն անց են կացնում ավելի քան մեկ տասնամյակ:

Որքան էլ կազմեն այս աշխարհի առաջնության ծախսերը, Քաթարի հանրահայտություն ձեռք բերելը մյուս երկրների հետ համեմատության մեջ աննախադեպ էր: Աշխարհի հաջորդ առաջնությունը  կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում՝ առնվազն երեք երկրում: Պետք չէ սպասել, որ ծախսերը մոտ կլինեն այս հոդվածում տեղ գտած թվերին, բացառությամբ՝ 2006թ. Գերմանիայի 3,6 միլիարդ դոլարի բյուջեի: ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան ունեն մարզադաշտեր, տրանսպորտի և հյուրընկալության ենթակառուցվածքներ՝ սպասարկելու մի քանի միլիոն այցելուի և անցկացնելու ավելի քան 104 ֆուտբոլային հանդիպումներ: Քաթարը չուներ նման պայմաններ, սակայն այժմ արդեն ունի: Հավանաբար արժեր ֆինանսական միջոցներ ծախսել՝ հաշվի առնելով, որ երկիրն ունի ավելի քան մեկ դար բավարարող գազի պաշարներ:  

Related posts

Մասսայական ներդրումային հարթակների հետևանքները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԲԱՂԵՑՆԻ՞ ՄԵՐ ՏԵՂԸ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

2023-ին բնակչության և տնտեսական աճի տենդենցները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan