ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԲԱՂԵՑՆԻ՞ ՄԵՐ ՏԵՂԸ (Հայկ Խեկոյան)

Մեր օրերում գրեթե անհնար է թվում անգամ մի քանի ժամ անցկացնելն առանց արհեստական բանականության հետ առնչվելու: Անթիվ ու անհամար են խոսակցությունները, աղմուկը, փաստարկները, դատաստանի մասին մարգարեությունները կամ համարձակ լավատեսական պնդումներն առ այն, թե ինչպես է այս կամ այն տեխնոլոգիական առաջընթացը կամ գործիքը կամ ընդհանրապես արհեստական բանականությունը վերափոխելու գալիք տասնամյակները: Հատկանշական է այն, սակայն, որ որոշ շշուկներ իրոք հիմնավորված են: Ինչպես ցանկացած նոր տեխնոլոգիայի պատմությունն է ցույց տալիս, աճը գծային է: Երբ վերջին անգամ՝ կես տարի առաջ գրում էի, այս թեմայի շուրջ, ամբողջ տեխնոլոգիական ոլորտն ուներ այլ պատկեր, որն այժմ զգալիորեն փոխվել է և հիմնականում պայմանավորված է արհեստական բանականության առաջընթացով: Մի քանի ամսվա ընթացքում ChatGPT-ն դարձել է առ այսօր արհեստական բանականությամբ ստեղծված ամենազարգացած լեզվական մոդելը և Facebook-ի, Google-ի,   Netflix-ի պես համընդհանուր բնույթ կրող երևույթ: Մեկ տարի առաջ Google-ի մի ճարտարագետ լեզվական մոդելի հետ կապված մտավախություն ուներ, իսկ այսօր OpenAl-ի ChatGPT-ն կարող է գրել 25,000 բառից բաղկացած հզոր տեքստային նյութ, հաջողությամբ հանձնել ամենահեղինակավոր համալսարանների ընդունելության և ակադեմիական թեստերը, գրել համակարգչային ծածկագրեր և լուծել մի շարք խնդիրներ, եթե ճիշտ տրվեն հրահանգները: Microsoft-ն առաջինն արձագանքեց՝ ներդնելով 10 միլիարդ ԱՄՆ դոլար բաժնետոմսերի համար, որը գնահատում է իր ընկերությունը 29 միլիարդ ԱՄՆ դոլար: Որպես ծրագրային ապահովման համաշխարհային առաջատար՝  Microsoft-ը նախատեսում է շատ ավելի հեշտացնել հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքը՝ գործի դնելով արհեստական բանականության հնարավորությունները իրենց 365 copilot գործիքում, որի նպատակն է բարելավել  Microsoft-ի բոլոր ծրագրերի ամենօրյա օգտագործումը, ներառյալ՝ Word, Excel, PowerPoint, Bing որոնողական համակարգը և չափից շատ քննարկված  Edge վեբ զննարկիչը, որին դեռ չի հաջողվել հասնել Google Chrom-ի գերիշխող դիրքին, և ըստ ամենայնի, հենց արհեստական բանականությունն էլ կլինի Edge-ին նոր թափ հաղորդողը: Թեև ցանկացած տեխնոլոգիայի բարելավումը ողջունելի նորություն է մարդկության համար՝ հարցեր են ծագում այն ամենի բազմաշերտ հետևանքների վերաբերյալ, ինչի ականատեսն ենք հենց հիմա: Մի կողմ դնելով բոլոր ապոկալիպտիկ կանխատեսումները, որոնք մասամբ ոգեշնչված են Տերմինատոր կամ Մատրիցա ֆիլմերից՝ առավել անհանգստացնում է այն գործնական և առօրյա համընդհանուր խնդիրը, որ եթե ոչ բոլորը, ապա ովքեր ունեն գոնե աղոտ պատկերացում այն մասին, թե ինչի են ընդունակ արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները: Անցյալում եղած տեխնոլոգիական առաջընթացները, ինչպես՝ մեքենաները, արտադրական հոսքագծերը, համացանցը կամ ձեր մտքին եկած որևէ այլ նշանավոր գյուտ, դուրս մղեցին ավելորդ գործընթացները և դարձրեցին աշխարհն ավելի արդյունավետ: Այդուհանդերձ, այս բոլոր առաջընթացները հիմնականում փոխարինելու եկան և ավտոմատացրին քիչ հմտություններ պահանջող և ցածր վարձատրվող աշխատանքները: Ավելի քան մեկ դար առաջ մարդիկ սկսեցին գյուղացիական տնտեսությունները փոխել գործարաններով՝ շատ ավելի լավ, կայուն աշխատավարձով և աշխատանքային պայմաններով: Համացանցը ոչնչից ստեղծեց հարյուրավոր նոր ու լավ վարձատրվող մասնագիտություններ:

Այնուամենայնիվ, այն ինչ անում է արհեստական բանականությունը և անում է շատ լավ, կատարվում է բնակչության համեմատաբար ավելի բարձր վարձատրվող հատվածի կողմից: Այսպես կոչված սպիտակ օձիքով կամ փողկապով աշխատակիցներն այժմ ավելի շատ անհանգստանալու առիթ ունեն, քան որևէ այլ գյուտի ժամանակ: Կոդ գրելը, արժեթղթերի առևտուրը, գրավոր կամ գրաֆիկական բովանդակություն ստեղծելը՝ այս ամենն արհեստական բանականությունը հիանալի կերպով է կատարում, մինչդեռ շատ վատ է կատարում պարզունակ թվացող առաջադրանքները, որոնք ցանկացած մանուկ կատարում է շատ ավելի հեշտությամբ: Այսպիսով այն մարդիկ, ում աշխատանքը վտանգված է, և սա վերաբերում է 300 միլիոն մարդու, ըստ Goldman Sachas-ի վերլուծաբանների գնահատման, կարիերայում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կունենան, երբ իրենց աշխատանքում կատարվող առաջադրանքները վստահվեն արհեստական բանականությանը: Եվ այնուհանդերձ  Goldman Sachs-ի զեկույցում նշվող <<կունենան խնդիրներ>> արտահայտությունը բոլորովին չի ենթադրում, որ այդ մարդիկ պիտի փոխարինվեն: Մարդկությունն իր երկար ու ձիգ պատմության ընթացքում սովորել է հարմարվել աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և համահունչ քայլել դրանց հետ: Նրանք ովքեր հասկանում են նոր գործիքների կարևորությունը և ունակ են արագ հարմարվելու, կստանան մրցակցային առավելություն՝ ի շահ օգտագործելով արհեստական բանականությունը՝ փոխանակ ծալված ձեռքերով նստելու ու նայելու, թե ինչպես է այն իրենցից խլում իրենց աշխատանքը: Հաշվիչները մարդկությանը շատ ավելի արդյունավետ դարձրին, ինչպես հետագայում՝ համակարգիչները, ապա նաև համացանցը: Այս բոլոր գործիքները ոչ միայն փոփոխությունների ենթարկեցին յուրաքանչյուր մասնագիտություն, այլ նաև ստեղծեցին ոլորտներ և ենթավոլորտներ միլիոնավոր աշխատակիցներով: Այս զարգացումներից անմասն չեն նաև արվեստագետները, քանի որ արհեստական բանականությունը բացասական է ազդել և բեկումնային փոփոխություն մտցրել իրենց աշխատանքում: Թիրախում նկարիչներ են, գրողներ, երաժիշտներ, դերասաններ և այլոք: Մոտավորապես այն ժամանակ, երբ ChatGPT-ն հայտնվեց մեր կյանքում և մեծ համբավ ձեռք բերեց, արհեստական բանականությամբ ստեղծված պատկերները հեղեղեցին համացանցը:  Թեև սա առնչվում է բարոյագիտության և էթիկայի հետ (оրինակ՝ կարող եք ինչ-որ մեկի դեմքը դնել բոլորովին այլ պատկերի վրա շատ հեշտությամբ), այս գեներատիվ մոդելները իսկապես հզոր մրցակից են արվեստագետներին:

Գուցե հուսադրող թվա կամ նույնիսկ անմտություն հնչի, բայց կա վարկած, որ ուզածիդ պես բարձրորակ արվեստ և համոզիչ, խորքային տեքստեր ստեղծելու կարողությունը կստիպի մեր հասարակությանը ավելի շատ արժևորել իրական հեղինակային ստեղծագործությունը: Որքան էլ որ անօրինական ճանապարհով հեռարձակվում են ֆիլմեր կամ երգեր, միլիարդավոր մարդիկ դեռ պատրատ են վճարել՝ բաժանորդագրվելով ծառայության, որը կարող էին նաև ստանալ անվճար: Ձեռագործ պայուսակները վաճառվում են շատ ավելի բարձր արժեքով հենց այն պատճառով, որ դրանք ձեռքի աշխատանք են, և դրանց պատրաստման ընթացքում մարդկային մեծ ջանքեր են ներդրվել:

Եթե մեր պատմության ընթացքում մեկ հաստատուն առանձնացնեինք, ապա դա կլիներ փոփոխությունը: Մարդությունն անընդհատ զարգանում է, և այդպիսով զարգանում են մեր առօրյա խնդիրներն ու դրանց կատարումը: Արհեստական բանականությունը պարզապես վերջին քայլն է միլիոնավոր տարիներ ձգվող այն գործընթացում, որն անվանում ենք էվոլյուցիա:

Related posts

Միլիարդ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Անցումային գնաճը, որն այդպես էլ չանցավ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Հուզական ինտելեկտի աճի կարևորությունը բիզնեսում (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan