Մոռացված լինելու իրավունքը (Գայանե Հայրապետյան)

Պարզվում է, որ մոռացված լինելու իրավունքը անձի հիմնարար իրավունքներից է։ Այն ապահովում է անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։

Մոռացված լինելու իրավունքը դրսևորվում է տվյալների բազայից անձնական տվյալների հեռացմամբ կամ դրանք ոչնչացնելով։

Մոռացված լինելու իրավունքի անկյունաքարը Google-ն ընդդեմ Իսպանիայի դատական գործն է։ Այդ գործով Արդարադատության եվրոպական դատարանը գտել է, որ ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու առևտրային որոնողական համակարգերից, ինչպիսին է Google-ը, ոչնչացնել իրենց վերաբերյալ անձնական տեղեկատվություն պարունակող հղումները, երբ այդպիսի տեղեկատվությունն արդեն հնացած է, ոչ ճշգրիտ և կարող է վնաս հասցնել մարդուն կամ նրա հեղինակությանը։

Այս գործով դիմումատու Մարիոն տարիներ առաջ սնանկացել էր։ Եվ յուրաքանչյուր անգամ իր անունը որոնելուց հանդիպում էր իր համար այդքան ցավալի թեմային։ Արդյունքում Մարիոն որոշում է դիմել դատարան և Google-ից պահանջել հեռացնել լրատվական կայքի հղումը, որը հոդված էր պարունակում իր նախկին ֆինանսական խնդիրների վերաբերյալ։ Այսպիսով այս գործը հիմք հանդիսացավ, որ մարդիկ սկսեն ավելի ուշադիր լինել թվային համակարգերին և պաշտպանեն իրենց գաղտնիությունը և հեղինակությունը արագ զարգացող թվային հասարակությունում։

Վերջերս մի հետաքրքրական օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել Ֆրանսիայում, որով  երաշխավորվում է անձի մոռացված լինելու իրավունքը։ Ֆրանսիայում բանկերն իրավունք ունեն վարկունակության գնահատման ժամանակ հաշվի առնել անձի առողջական վիճակը։ Սակայն անորոշ էր, թե որքան ժամանակ այդ տեղեկատվությունը կարող էր պահպանվել և ազդեցություն ունենալ անձանց վարկավորման վրա։ Օրինակ՝ մի կին, ով տարիներ առաջ բուժվել էր քաղցկեղից, համարվում էր բարձր ռիսկայնություն ունեցող և նրան հիփոթեքային վարկերի տրամադրումը մերժում էին։ 2022 թվականին կատարված փոփոխությամբ անձի առողջական վիճակի մասին տվյալները կարող են պահպանվել առավելագույնը հինգ տարի ժամկետով, որից հետո այն համարվում է հնացած և ոչնչացվում է տվյալներ մշակողի կողմից։

Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը նախատեսում է, որ անձն իրավունք ունի  պահանջել ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար: Մինչև տվյալները ոչնչացնելը, տվյալներ մշակողը պարտավոր է ժամանակավոր կասեցնել դրանց մշակումը (ուղեփակել)։


 Քննարկենք տվյալների ոչնչացման իրավունք վերապահող դեպքերից յուրաքանչյուրը․

  • Անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն— Անձը կարող է ստուգել հավաքված անձնական տվյալների ամբողջականությունը և ճշգրիտ լինելը հարցման միջոցով մշակվող տվյալներին անվճար ծանոթանալով։  Անձնական տվյալների ոչ ճշգրիտ լինելը հաստատվելու դեպքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտի կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ներկայացրած փաստաթղթերի կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա ուղղել անձնական տվյալները և վերացնել դրանց ուղեփակումը, իսկ անհնար լինելու դեպքում դրանք ոչնչացնել: Օրինակ՝ հնարավոր է բանկին տրամադրած էլեկտրոնային հասցեն պարունակի սխալներ և անձի հաշվի քաղվածքները ստանա մեկ այլ անձ։
  • Տվյալները հնացած են— տրամադրված անձնական տվյալները պահվել են այնքան երկար ժամանակ, որ այլևս չեն համապատասխանում իրականությանը: Տվյալներ մշակողը պարտավոր է հետամուտ լինել հավաքած տվյալներին և ժամանակ առ ժամանակ ապահովել դրանց թարմացումը, ամբողջականացումը, ուղղումը կամ ոչնչացումը։
  • Տվյալները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով-Անձնական տվյալների մշակումը, օգտագործումը և երրորդ անձանց փոխանցումը պետք է կատարվի Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով։ Օրինակ՝ մշակվել են հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ` առանց անձի համաձայնությունը ստանալու։
    Անձնական տվյալների հետ իրականացվող անօրինական գործողություններ հայտնաբերելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ վերացնել թույլ տված խախտումները: Խախտումները վերացնելու անհնարինության դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ ոչնչացնել անձնական տվյալները և դրա մասին տեղեկացնել անձին։
  • Անհրաժեշտ չեն մշակման նպատակին հասնելու համար— Անձնական տվյալների մշակման նպատակը նախապես  պարզ և որոշակի ձևով պետք է սահմանվի անձի համար։ Նվազագույն տվյալների հավաքման սկզբունքից էլ հետևում է, որ պետք է հավաքվեն միայն այնպիսի տվյալներ, որոնք հետագայում անհրաժեշտ են լինելու մշակման համար սահմանված նպատակին հասնելու համար։ Ուստի մշակողը պարտավոր է ոչնչացնել կամ ուղեփակել այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ չեն օրինական նպատակին հասնելու համար։ Օրինակ՝ երբ պահանջում են անձնագրային տվյալներ մարկետինգային ծանուցումներ ուղարկելու համար։

Անձնական տվյալների մշակման համաձայնությունից հնարավոր է հրաժարվել նույն եղանակով, ինչպես որ այն տվել եք, այսինքն՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հաստատված համապատասխան ստորագրությամբ։ Այս դեպքում մշակողը պարտավոր է դադարեցնել անձնական տվյալների մշակումը և ոչնչացնել տվյալները հետկանչ ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում։

Դիմումը մերժելու դեպքում տրամադրում են պատճառաբանված գրավոր որոշում` հղում կատարելով այն օրենքի դրույթներին, որոնք հիմք են հանդիսացել որոշումն ընդունելու համար: Եթե լիազոր մարմինը մերժումն համարում է չհիմնավորված, մշակողը կատարում է դիմումում նշված գործողություններից որևէ մեկը կամ որոշումը բողոքարկում է դատական կարգով։

Ձեր դիմումը կարող է մերժվել, եթե տվյալների ոչնչացումը կխախտի խոսքի ազատությունը, տվյալների մշակումն անհրաժեշտ է օրենքով նախատեսված նպատակին հասնելու համար, տվյալների մշակումն անհրաժեշտ է հանրային շահից ելնելով, այդպիսի տվյալները կարող են օգտագործվել որպես ապացույց կամ այն անհրաժեշտ է դատարանում վեճեր քննելիս, և այլն։

Ի՞նչ հետևություններ կարող ենք անել․

  • Մոռացված լինելը մարդու հիմնական իրավունքներից է
  • Տվյալների ոչնչացման համար անհրաժեշտ է գրավոր կամ էլեկտրոնային ստորագրությամբ սահմանված համաձայնություն
  • Տվյալները ոչնչացվում են օրենքով սահմանված հիմքերի բավարարման կամ համաձայնության հետ կանչման դեպքում տասն աշխատանքային օրվա ընթացքում
  • Մինչև տվյալների ոչնչացումը դրանց մշակումը ուղեփակվում է
  • Տվյալների ոչնչացման վերաբերյալ դիմումի մերժումը կարող է բողոքարկվել լիազոր մարմնին կամ դատական կարգով

Related posts

Ի՞ՆՉՊԵՍ ՏԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ (Գայանե Հայրապետյան)

Nelli Avetisyan

Նորաթուխ ներդրողների առաջին “արջի” շուկան (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Էլեկտրոմոբիլներ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan