Միլիարդ (Հայկ Խեկոյան)

Մեկ միլիոն վայրկյանը կազմում է մոտ 12 օր։ Մեկ միլիարդ վայրկյանը՝ գրեթե 32 տարի։ Այս երկու թվերի միջև հազարապատիկ տարբերությունը այդքան էլ ակնառու չէ առաջին հայացքից։ Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ ենք լսում ու տեսնում միլիարդ թիվը, մեծամասամբ երբ խոսքը գնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց մասին։ Ողջ աշխարհում ընդունված է տարանջատել միլիարդատերերին, որոնց թիվն ըստ Ֆորբս ամսագրի տարեկան հաշվետվության կազմում է 2,668, մնացած ավելի քան 7.5 միլիարդ մարդուց (Mille, 2022)։ Այս նշաձողը ուղղակի կլոր թվերի նկատմամբ մարդկության մոլուցքի հերթական արտահայտումն է, որի նշանակությունն ու արժեքը փոխվում են ամեն տարի կախված ինֆլյացիայի մակարդակից և տնտեսական այլ զարգացումներից։ ԱՄՆ դոլարի կարևորությունն էլ նշանակում է, որ խոսքը գնում է հենց մեկ միլիարդ դոլարի մասին, այլ ոչ, օրինակ՝ եվրոյի, ֆունտի, կամ հայկական դրամի։

21–րդ դարում մեծ ունեցվածքի տեր մարդիկ՝ հիմնականում հենց վերոնշյալ միլիարդատերերը, շատ ավելի հանրահայտ են և անընդհատ գտնվում են համաշխարհային ուշադրության կենտրոնում։ Մեկ միլիարդ ԱՄՆ դոլար կարողության չափը հասկանալու համար ուղղակի կարելի է հաշվել, թե քանի տարի (իրականում դար) է հարկավոր նման գումար վաստակելու համար։ Հաշվարկը սկսենք սովորական մարդու աշխատանքային կյանքից։ Մեկ միլիարդով թոշակի անցնելու համար պահանջվում է 40 տարի անընդմեջ, ամեն օր (ներառյալ հանգստյան և տոն օրերը) վաստակել և չծախսել գրեթե 70,000 դոլար։ Սա մոտավորապես հավասար է ԱՄՆ–ի, Շվեդիայի կամ Ավստրալիայի պես զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ին, որը, նկատենք, տարեկան ցուցանիշ է։ Այսինքն, եթե դիտարկենք որևէ զարգացած եվրոպական պետության ՀՆԱ–ն որպես ուղենիշ ($50,000), ապա միջին Գերմանացուց կամ Բրիտանացուց կպահանջվի 20,000 տարի մեկ միլիարդին հասնելու համար։ 

Սակայն պատմության մեջ միշտ էլ եղել են աննկարագրելի հարստության տեր մարդիկ, ում կարողությունը պատմաբաններն ու տնտեսագետները դժվարանում են հաշվարկել կամ համեմատել այլ ժամանակաշրջանների հետ։ Խնդրիը նաև բարդանում է այն պատճառով, որ պատմության մեջ այդքան հաճախ հանդիպող միապետերի ունեցվածքը գրեթե անհնար է առանձնացնել նրանց ենթակայության տակ գտնվող տերություններից։ Ոչ այդքան հեռու անցյալից էլ որոշ մասնագետներ առանձնացնում են Իոսիֆ Ստալինին, որի ամբողջական վերահսկողության տակ էր համաշխարհային տնտեսության գրեթե 10%-ը կազմող տնտեսությունը (Davidson, 2015)։ Ժամանակշրջանների, պետական կառավարման համակարգերի և բազմաթիվ այլ անհամապատասխանությունների հետևանքով պատմության ամենահարուստ անձնավորության ինքնությունը միանշանակ չէ։ Նույնիսկ կապիտալիստական հասարակարգի տարբեր ժամանակաշրջանի ներկայացուցիչներին համեմատելիս բացի ինֆլյացիայի ազդեծությունը հաշվի առնելուց օգտագործվում են այլ մեթոդներ։ Այսպես, 20-րդ դարասկզբի ամերիկացի հայտնի գործարարներ Ջոն Ռոքֆելլերի կամ Էնդրյու Քարնեգիի կարողությունը ներկայիս նեծահարուստների հետ համեմատելիս տնտեսագետներն օգտագործում են կարողություն/ԱՄՆ ՀՆԱ բանաձևը, այսպիսով փորձելով ավելի ճիշտ նկարագրել այդ մարդկանց ունեցվածքի մասշտաբներն ու կարևորությունը ԱՄՆ տնտեսության մեջ։ 

Վերադառնալով 21-րդ դարի միլիարդատերերին, հարկ եմ համարում նշել, որ նրանց ճնշող մեծամասնության ունեցվածքի աղբյուրը իրենց հիմնադրած կամ իրենց կողմից կառավարվող ընկերություններում ունեցած բաժնետոմսերն են։ Երբ համացանցում տեսնում եք Իլոն Մասկի մասին նյութ, որում նշվում է, որ նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 200 միլիարդ ԱՄՆ դոլար, խոսքը գնում է Տեսլա և Սփեյս–Էքս ընկերություններում նրա ունեցած բաժնետոմսերի մասին, ոչ թե պարկերով կանխիկ գումարի։ Տեսլան, Սփեյս Էքսը, Ամազոնը, Մայքրոսոֆթը, Մետան (Ֆեյսբուքը), Զարան, Լուի Վյուտոնը և առօրյայում մեր կողմից օգտագործվող ապրանքներն արտադրող ընկերություններից շատերը բաց բաժնետիրական ընկերություններ են, որոնց բաժնետոմսերի առքուվաճառքը տեղի է ունենում միջազգային տարբեր բորսաներում։ Ընկերության գրանցած արդյունքներից, ինչպես նաև ներդրողների կողմից առաջարկից ու պահանջարկից կախված բաժնետոմսերի գները անընդհատ տատանվում են, և այսպիսով նույն Իլոն Մասկի կարողությունը և հետևաբար աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը ամբողջությամբ կախված են Տեսլա ընկերության բաժնետոմսի գնից։

Հաճախ հնչում են կարծիքներ այն մասին, որ միլիարդատերերը խուսափում են հարկերից և չեն կատարում իրենց պարտավորությունները հասարակության առջև։ Սակայն կապիտալի արժևորումը, որի շնորհիվ, ինչպես տեսանք, գոյանում է միլիարդատերերի մեծամասնության ունեցվածքը, նույնը չէ, ինչ աշխատավարձի տեսքով ստացվող եկամուտը։ Կապիտալի արժևորումը նույնպես հարկվող եկամուտ է, սակայն քանի դեռ բաժնետերը չի վաճառել իր բաժնետոմսը, նա չունի որևէ հարկային պարտավորություն։ Այսպիսով, ունեցվածքի շուկայական արժեքի հիման վրա հարկահավաք իրագործելը անհնար է։ Նման հարկահավաքի դեպքում անհատը պետք է իր կամիքից անկախ վաճառի իր ունեցվածքի մի մասը, և գոյացած միջոցներով հարկ վճարի, կամ էլ ունեցվածքի մի մասը ուղղակիորեն հանձնի պետությանը։

Բաց բաժնետիրական ընկերությունների արժեքը և հետևաբար նաև նրանց բաժնետերերի կարողությունը շուկայական գործոններով են պայմանավորված։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մետան, ընդ որում հենց Ֆեյսբուքից Մետա անվանափոխությունից հետո, կորցրել է իր արժեքի մոտ 40%–ը, ինչի արդյունքում ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը ավելի քան 100 միլիարդից հասել է մոտ 67-ի։ Սակայն նա հիմա էլ հանդիսանում է ընկերության գործադիր տնօրենն ու խոշորագույն բաժնետերը։ Փոխվել է նրա գույքի (Մետայի բաժնետոմսերի) շուկայական արժեքը։ Նույն տրամաբանությամբ ժամանակի ընթացքում ձեր ավտմեքենայի արժեզրկման արդյունքում այն ֆիզիկական փոփոխությունների չի ենթարկվում, փոխվում է միայն դրա շուկայական արժեքը։

Մետայի նման խոշոր ընկերությունները, սակայն, ունեն հազարավոր, եթե ոչ միլիոնավոր բաժնետերեր։ Երբ Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հետ հարցազրույցի ընթացքում խոսք գնաց իր՝ մոտ 160 միլիարդ դոլար գնահատվող կարողության մասին, նրա պատասխանը հետևյալն էր. “Ամազոնը մոտ մեկ տրիլիոն դոլար արժողությամբ ընկերություն է, որի մոտ 16%-ն ինձ է պատկանում, այսինքն մեր ընկերությունը ստեղծել է մոտ 840 միլիարդ դոլար արժողությամբ ունեցվածք այլ մարդկանց համար”։ Բեզոսի և այլ միլիարդատերերի կարողությունը իրենց ստեղծած արժեքի ուղղակի հետևանք է, որի համար ողջ աշխարհը պատրաստ է միլիարդներ վճարել։

Հղումներ

Davidson, J. (2015). Money. Վերցված հետևյալ աղբյուրից. The 10 Richest People of All Time:

https://money.com/the-10-richest-people-of-all-time-2/

Mille, R. (2022). Forbes. Վերցված հետևյալ աղբյուրից. World’s Billionaires List:

https://www.forbes.com/billionaires/

Related posts

Էլեկտրոմոբիլներ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

2023-ին բնակչության և տնտեսական աճի տենդենցները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Ի՞նչ կանեիք դուք, եթե գումար վաստակելու կարիք չլիներ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan