Ի՞նչ է կատարվում արտարժույթի շուկայում (Հայկ Խեկոյան)

Որքա՞ն է ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր։ Այս հարցին Հայաստանի բնակչության զգալի հատվածն ի վիճակի կլինի բավականին բարձր ճշտգրտությամբ պատասխանելու, սակայն դժվար է պատկերացնել, որ գործազրկության կամ գնաճի մակարդակը նույնպես նման հանրայնություն են վայելում։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ուրույն և անհամեմատ բարձր դիրք է զբաղեցնում Հայաստանցիների տնտեսական մտածողության մեջ։ Որպես զարգացող երկիր, մեր տնտեսության մեջ մեծ դեր է խաղում արտասահմանյան կապիտալը, և բնական է, որ ունենք դոլարիզացիայի որոշակի մակարդակ, այսինքն՝ որոշ գործարքներ, պայմանագրեր և այլ տնտեսական գործընթացներ կատարվում են ԱՄՆ դոլարով կամ դրա հիման վրա։ Բացի բուն ամերիկյան արժույթի շրջանառությունից, դոլարիզացիայի երկրորդային վառ օրինակներ են պայմանագրերում հաճախ հանդիպող “X ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ” արտահայտությունը, կամ այն փաստը, որ մեքենայի կամ բնակարանի գնի մասին խոսելիս մեծամասամբ այն նշում ենք հենց ԱՄՆ դոլարով։

Ներկա պահին ՄԱԿ–ի անդամ երկրներն օգտագործում են 180 տարբեր արժույթներ, որոնցից մեկն էլ նաև հայկական դրամն է (Elisha Sawe, 2018)։ Ինչպես ցանկացած այլ երևույթի դեպքում, արժույթի գինը նույնպես որոշվում է տնտեսագիտության հիմնարար սկզբունքի՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա։ Արժույթի առաջարկը կառավարում է տվյալ երկրի կենտրոնական բանկը։ Կենտրոնական բանկի՝ արժույթի առաջարկի կառավարման գործիքներից են վերաֆինանսավորման տոկոսադրույքը (այս տոկոսադրույքից է կախված, թե ինչ տոկոսով առևտրային բանկերը կկարողանան վարկեր տրամադրել իրենց հաճախորդներին), բանկերի մինիմալ ռեզերվների նորմատիվը, ինչպես նաև շրջանառության մեջ գտնվող արժույթի քանակը։

Արժույթի պահանջարկը գոյանում է մարդկանց և ընկերությունների կողմից՝ իրենց առօրյա գործունեությունը ծավալելու նպատակով, ընդ որում` մարդիկ և ընկերությունները կարող են լինել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան։ Օտարազգի զբոսաշրջիկը Հայաստան ժամանելուն պես առաջացնում է դրամի հավելյալ պահանջարկ, որը կարող է առաջանալ նաև որևէ ապրանք արտահանող հայաստանյան ընկերության կողմից, որին իր արտասահմանյան գործընկերը վճարում է շվեյցարական ֆրանկով։ Ընկերությունը կարիք ունի արտարժույթը փոխարկելու ՀՀ դրամի՝ իր աշխատակիցներին վարձատրելու կամ ծախսված էլեկտրականության վարձը վճարելու նպատակով։

Արժույթի առաջարկը արտարժույթի շուկայում գոյանում է նույն տրամաբանությամբ։ Որևէ ապրանք ներմուծելու համար անհրաժեշտ է փոխարկել ՀՀ դրամը արտարժույթի, որն էլ կօգտագործվի արտասահմանից տվյալ ապրանքը գնելու նպատակով։ Նկատենք նաև, որ հայ զբոսաշրջիկը այլ երկրում կառաջացնի տվյալ երկրի արժույթի պահանջարկ, հետևաբար նաև ՀՀ դրամի առաջարկ։

Այսպիսով, տնտեսագիտության նախահայրը համարվող Ադամ Սմիթի խոսքերով՝ անտեսանելի ձեռքը կբերի շուկան հավասարակշռության կետին, որտեղ ապրանքի տվյալ գնի դեպքում պահանջարկը բավարարվում է գոյություն ունեցող առաջարկով։

Եթե որևէ արտաքին գործոն ազդում է պահանջարկի վրա, ապա կամ գինը մնում է անփոփոխ առաջարկի համապատասխան արձագանքի շնորհիվ, կամ էլ ականատես ենք լինում նոր հավասարակշռության արդեն նոր գնի պարագայում։

Արտարժույթի շուկայում կտրուկ փոփոխությունների ականատես եղանք վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծավալված ռազմական գործողություններով պայմանավորված։ Սկզբնական շրջանում Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների ներդրած տնտեսական պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին կորցրեց իր արժեքի գրեթե կեսը (CBA, 2022)։ Միևնույն ժամանակ տարածաշրջանային անկայունությամբ պայմանավորված ՀՀ դրամը նույնպես դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 8%–ով, ինչը տեղի ունեցավ նաև եվրոյի, բրիտանական ֆունտի և շվեյցարական ֆրանկի հետ (Smith, 2022)։ ԱՄՆ դոլարի պահանջարկը և հետևաբար՝ արժեքը, բարձրացան, քանի որ ներդրողների աչքերում կոնֆլիկտին մոտ գտնվող պետությունների արժույթները կորցրին իրենց վստահելիությունը և արժեքի որոշ մասը, ինչն էլ դրդեց նրանց վաճառել այդ արժույթով իրենց ունեցած ակտիվները և փոխարկել դրանք ավելի հուսալի արժույթի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ դոլարի։ Ցանկացած տեսակի անկայունույունը արժույթի արժեքի վրա բացասական ազդեծություն է ունենում։

Այդուհանդերձ հայկական դրամը հայտնվեց յուրահատուկ դրության մեջ, երբ Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր ռուսաստանցիները հայաստանյան շուկայում առաջացրին արտարժույթի բավականին զգալի և խոշոր առաջարկ, իսկ այդ մեդալի հակառակ կողմը ՀՀ դրամի պահանջարկն է։ ՀՀ դրամը կտրուկ արժևորվեց։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի 24-ի համեմատ իջել է մոտ 6 տոկոսով, իսկ այս ընթացքում իր բարձրագույն կետից, որին հասել էր մարտ ամսվա կեսին, գահավիժել է մոտ 14 տոկոսով։

Այս պարագայում տարօրինակ է այն փաստը, որ ռուսական ռուբլու փոխարժեքն այժմ ավելի բարձր է, քան մինչև փետրվարի 24–ը։ Բանն այն է, որ ՌԴ կենտրոնական բանկը իր տրամադրության տակ գտնվող լծակներն օգտագործեց ռուբլու առաջարկը նվազեցնելու և այդպիսով դրա անկումը դադարեցնելու նպատակով և այժմ ԱՄՆ դոլար/ռուբլի փոխարժեքը մոտ է իր ամենացածր ցուցանիշին 2014 թվականից ի վեր (Abadi, 2022)։ ՌԴ‑ն նաև ցանկանում է եվրոպական երկրներին վաճառվող գազի համար վճարումներ ստանալ հենց ռուբլիով, ինչն էլ իր հերթին առաջացնում է ռուբլու հավելյալ պահանջարկ։ Ռուբլու արժեզրկումը դադարեցնելու փորձերը այնքան հաջող էին, որ Ռուսաստանի կենտրոնական բանկն անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսպիսով արդեն քայլեր ձեռնարկելով ռուբլու հետագա աճը կանխելու ուղղությամբ (Thomson & Sebastian, 2022)։ Նույնիսկ արտարժույթի վերոնշյալ ներհոսքի պայմաններում հայկական դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքը վերջին մի քանի տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցում։

Արժույթն էլ է ապրանք։ Որոշ հատկանիշներով այն, իհարկե, խիստ տարբերվում է այլ ապրանքներից, սակայն միևնույն է ենթարկվում է առաջարկի և պահանջարկի տրամաբանությանը։

Հղումներ

Abadi, C. (2022). Foreign Policy. Վերցված հետևյալ աղբյուրից. The Fall and Rise of the Russian Ruble: https://foreignpolicy.com/2022/04/08/russia-ukraine-ruble-sanctions-ones-and-tooze/

CBA. (2022). Central Bank of Armenia. Վերցված հետևյալ աղբյուրից. Exchange Rates Archive:

https://www.cba.am/en/sitepages/exchangearchive.aspx

Elisha Sawe, B. (2018). WorldAtlas. Վերցված հետևյալ աղբյուրից. How Many Currencies Exist In The World?:

https://www.worldatlas.com/articles/how-many-currencies-are-in-the-world.html

Smith, E. (2022). CNBC. Վերցված հետևյալ աղբյուրից. The Russia-Ukraine war has hit many currencies hard. Here’s what analysts are expecting now:

https://www.cnbc.com/2022/03/09/russia-ukraine-war-has-hit-currencies-hard-heres-what-analysts-expect-next.html

Thomson, C., & Sebastian, C. (2022). CNN Business. Վերցված հետևյալ աղբյուրից. PR stunt or show of strength? Russia slashes interest rates:

https://edition.cnn.com/2022/05/26/business/russia-economy-ruble-interest-rates/index.html

Related posts

Ի՞ՆՉՊԵՍ ՏԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ (Գայանե Հայրապետյան)

Nelli Avetisyan

Ինչու են անհրաժեշտ կառավարությունները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Միլիարդ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan