Ի՞նչ կանեիք դուք, եթե գումար վաստակելու կարիք չլիներ (Հայկ Խեկոյան)

Համընդհանուր բազային եկամուտ (ՀԲԵ) հասկացությունը բավականին երկար պատմություն ունի։ Համարվում է, որ առաջին անգամ գրավոր տեսքով այս երևույթը նկարագրել է վերածննդի շրջանի անգլիացի գործիչ Թոմաս Մորը, որն իր “Ուտոպիա” աշխատության մեջ պատկերացրել է աշխարհ, որտեղ մարդիկ ունեն երաշխավորված մինիմալ եկամուտ անկախ իրենց զբաղվածությունից։ Փիլիսոփաների, մտածողների և տնտեսագետների կողմից այս թեման ծավալուն հետազոտման է ենթարկվել, և պատմության ընթացքում հանդիպել են ՀԲԵ–ին շատ մոտ ծրագրեր տարբեր երկրներում։ ՀԲԵ–ի մասին քննարկումները նոր թափ առան հատկապես կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երբ առօրյա ծախսերը բնակչության ստվար հատվածների համար դարձել էին անտանելի բեռ։ ՀԲԵ–ն ժամանակի ընթացքում ունեցել է տարբեր մարմնավորումներ, որոնք երբեմն փոքր–ինչ հեռացել են բուն սահմանումից։ Այդպիսի օրինակ է բացասական եկամտահարկը, այսինքն՝ որոշակի շեմից ցածր եկամուտ ունենալու դեպքում պետության կողմից՝ տվյալ շեմի և եկամտի տարբերության չափով օգնությունը։ 

Համընդհանուր բազային եկամուտն իրենից ներկայացնում է առանց նախապայմանների յուրաքանչյուր մարդուն հասանելի պարբերական վճարում, որը պետք է բավարար լինի կենսական անհրաժեշտության պարագաներ գնելու և ծառայութուններից օգտվելու համար (կացարան, սնունդ, հագուստ և այլն)։ 

Լինելով բավականին հրատապ և հակասական թեմա, ՀԲԵ–ն զերծ չէ քննադատությունից։ Որոշ տնտեսագետներ և քաղաքական գործիչներ հարցականի տակ են դնում թե՛ գաղափարն իրականացնելու հնարավորությունը և թե՛ դրա նպատակահարմար լինելը։ Աշխարհի ցանկացած պետության համար անասելի ծանր բեռ կլինի ամբողջ բնակչությանն ապրուստի միջոցով ապահովելը, սակայն նույնիսկ եթե մի կողմ դնենք իրագործման հետ կապված բարդությունները, նմանատիպ ծրագրերի քննադատները հիմնականում շեշտում են այն հանգամանքը, որ ցանկացած պարագայում երաշխավորված եկամուտ ունենալը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց աշխատելու ցանկության վրա և կարող է նպաստել գործազրկության աճին։ 

Այս և բազում այլ հարցերին պատասխաններ գտնելու նպատակով վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում անցկացվել են հետազոտություններ՝ ՀԲԵ–ի ազդեցությունը հասկանալու նպատակով։ Թերևս այս ոլորտում խոշորագույն փորձն անցկացրել է Ֆինլանդիայի կառավարությունը 2017-18թթ.։ Գործազուրկների շրջանում պատահականության սկզբունքով ընտրված 2,000 հոգու տրամադրվել է ամսական 560 եվրո, առանց որևէ պայմանների կամ պարտավորությունների, բացի հետազոտողների հետ համագործակցելու պատրաստակամությունից։ Մասնակիցներն անկախ ամեն ինչից ստացել են նշված գումարը, նույնիսկ եթե այդ ընթացքում աշխատանք են գտել։ Այս ծրագիրն ամբողջությամբ չէր համապատասխանում ՀԲԵ–ի սահմանմանը, քանի որ գումար էր հատկացվում միայն որոշակի խմբի ներկայացուցիչներին և այդ գումարը բավարար չէր ապրելու համար։ Սակայն այս փորձի արդյունքները ի հայտ են բերել կարևոր օրինաչափություններ։ Նախ, գումարը ստացողների շրջանում մի փոքր ավելի բարձր էր աշխատանքի անցնելու հավանականությունը։ Զգալի տարբերութուն էր նկատվում, սակայն, գումար ստացողների և չստացողների ինքնազգացողության մեջ։ Ծրագրի մասնակիցները կյանքից իրենց գոհունակությունը շատ ավելի բարձր էին գնահատում (7.3 և 6.8), իսկ մյուս խումբը շատ ավելի հաճախ էր ունենում հոգեբանական խնդիրներ, ընկճախտ, տխրություն և այլն (McKinsey & Company, 2020)։ 

Բացի անհատական մակարդակով մարդկանց կյանքում դրական ազդեցությունից, ՀԲԵ–ն նաև հասարակության համար ունենում է կարևոր հետևանքներ։ Ֆինլանդական օրինակում գումար ստացողներից շատերը սկսել էին զբաղվել կամավորական կամ հասարակական աշխատանքով, որով չէին զբաղվի առանց երաշխավորված եկամուտ ունենալու։ Որոշ չափով նրանք պարտավորված էին զգում այս կամ այն կերպ օգտակար լինել հասարակությանը, չնայած նման պայման նրանց վրա չէր դրվել (Henley, 2020)։ Ինքնազգացողության կտրուկ աճի մեջ հնարավոր է, որ մեծ դեր էր խաղացել հենց այն փաստը, որ մարդիկ կարողանում էին զբաղվել իրենց նախընտրած և իրենց համար իմաստալից գործով, այլ ոչ թե ստիպված էին գումար վաստակելու համար կատարել անցանկալի աշխատանք։ 

Տեսակետներ են հնչում, որ եթե թույլատրվում է խոշոր կարողությունների փոխանցումը սերնդեսերունդ, ապա կարելի է ՀԲԵ–ն դիտարկել որպես երկրի պատմության ընթացքում գոյացած հարստության փոխանցում հաջորդ սերնդին, սակայն այս դեպքում արդեն հավասարաչափ։ Փաստարկներից կարևորագույնն այն է, որ հասարակությունը մեծ ազդեցություն և դեր ունի մարդկանց կյանքի վրա, և ամենահարուստ մարդիկ մեծապես պարտական են այն հասարակությանը, որում գոյացել է իրենց կարողությունը (Standing, 2021)։ 

Բուն տնտեսագիտության մեջ, կարծում եմ, ՀԲԵ–ն սատարող շատ մոտ գաղափար է աղքատության թակարդը, որն ակներև է ամերիկացի տնտեսագետ Ռոբերտ Սոլոուի տնտեսական զարգացման մոդելում։ Մոդելն իր պարզագույն տեսքով նկարագրում է տվյալ երկրում արտադրանքի և այդտեղ գոյություն ունեցող կապիտալի կապը։ Ըստ մոդելի, կապիտալի ավելացումը բերում է արտադրության աճի, սակայն յուրաքանչյուր հաջորդ միավոր կապիտալի ազդեցությունն ավելի ցածր է նախորդից։ Կապիտալի քանակը կախված է երկու երևույթից՝ խնայողությունների կամ ներդրումների մակարդակից և արժեզրկման չափից։ Բարձր խնայողությունները ենթադրում են բարձր ներդրումներ, որոնք էլ ավելացնում են հասանելի կապիտալի քանակը, իսկ արժեզրկման չափը բնականաբար բացասաբար է ազդում կապիտալի քանակի վրա։ Երկուսն էլ կախված են բազում արտաքին հանգամանքներից։ Մոդելի տարբերակներից մեկում երկրի սկզբնական դիրքը կանխորոշում է այդ երկրում խնայողության մակարդակը. ցածր արտադրողականությամբ երկրներն ունեն ցածր խնայողության մակարդակ, իսկ բարձրերը՝ բարձր։ Այսպիսով, համեմատաբար աղքատ երկրները մնում են աղքատ, քանի որ չունեն միջոցներ բավարար խնայողություններ գեներացնելու համար, ինչի շնորհիվ հնարավոր կլինեին կապիտալի ստեղծումն ու արտադրանքի աճը, ինչը կբերեր նոր խնայողությունների գեներացմանը։ Փոխարենը, երկիրը մնում է աղքատ, քանի որ խնայողություններ չի կարողանում գեներացնել, իսկ խնայողություններ չի կարողանում գեներացնել, քանի որ աղքատ է։ Մեկանգամյա արտաքին ներդրումը, այս իրավիճակում, կարող է երկրին դուրս մղել աղքատության թակարդից և խթան հանդիսանալ հետագայում բարձր արտադրանքի և հետևաբար խնայողությունների գեներացման համար, որոնք էլ ավելի կբարձրացնեն արտադրանքը, և այդպես շարունակ։ Եթե երկրների օրինակը տեղափոխենք անհատական հարթակ, ՀԲԵ–ն կարող ենք դիտարկել որպես մարդկանց աղքատության ծուղակից հանելու հնարավորություն, ինչը միգուցե մեզ հնարավորություն կտա ինչ–որ պահի ապագայում ունենալ աղքատությունից զատ հասարակություն։

Հղումներ

Henley, J. (2020). Finnish basic income pilot improved wellbeing, study finds. Վերցված հետևյալ աղբյուրից The Guardian:

https://www.theguardian.com/society/2020/may/07/finnish-basic-income-pilot-improved-wellbeing-study-finds-coronavirus

McKinsey & Company. (2020). An experiment to inform universal basic income. Վերցված հետևյալ աղբյուրից McKinsey & Company:

https://www.mckinsey.com/industries/public-and-social-sector/our-insights/an-experiment-to-inform-universal-basic-income#

Standing, G. (2021). Support is growing for a universal basic income – and rightly so. Վերցված հետևյալ աղբյուրից The Conversation:

https://theconversation.com/support-is-growing-for-a-universal-basic-income-and-rightly-so-161309

Սոլոուի մոդելի մանրամասները վերցված են “Economic Growth” տնտեսագիտության դասագրքից, հրատարակված 2013թ. “Pearson Education” հատարակչության կողմից: Հեղինակ՝ Դեվիդ Ուելյ:

Related posts

Մոռացված լինելու իրավունքը (Գայանե Հայրապետյան)

Nelli Avetisyan

ԱՐԴՅՈՔ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԱՐԺԵՑԱՎ, ՔԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆԸ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Կորոնավիրուսի Շարունակական Հետևանքները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan