Կորոնավիրուսի Շարունակական Հետևանքները (Հայկ Խեկոյան)

2021թ. մարտին Հավայան կղզիներում թեթև մարդատար ավտոմեքենաների վարձակալության գինը հասել էր այնպիսի բարձրունքների, որ մարդիկ ստիպված օգտվում էին փոքր բեռնատար ավտոմեքենաներից, որոնք հիմնականում օգտագործվում են կահույք և այլ ծանր ու խոշոր ուղեբեռ տեղափոխելու նպատակով (Vera & Sutton, 2021)։ Սա կորոնավիրուսի համաճարակի հերթական հետևանքն է, որն առաջացել է վերջին տարվա ընթացքում պահանջարկի և առաջարկի աննախադեպ տատանումների պատճառով։ 

Նախ 2020թ. մարտին, երբ ամբողջ աշխարհը անսպասելի կանգ առավ, և բոլոր գրասենյակներն ու արտադրամասերը ժամանակավորապես դադարեցրին կամ խիստ սահմանափակեցին իրենց գործունեությունը, ոլորտների մեծամասնությունն ունեցավ պահանջարկի և առաջարկի կտրուկ անկում։ Պահանջարկի տեսանկյունից մենք դադարեցինք օգտվել սրճարաններից, հասարակական տրանսպորտից, հետաձգեցինք տան վերանորոգման պլանները և որոշ ժամանակ սահմանափակեցինք մեր ծախսերը միայն կենսականորեն անհրաժեշտ ապրանքատեսակներով։ Առաջարկի տեսանկյունից ունեցանք տնտեսվարողներ, որոնց գործունեության վրա դրվեցին խիստ սահմանափակումներ։ Նրանք հայտնվեցին այնպիսի իրավիճակում, որից հաճախ ընտրվող ելքը ակտիվների վաճառքն էր։ Այսպիսով, որոշ կազմակերպություններ ստիպված եղան վաճառել իրենց ակտիվների զգալի մասը, դրանով իսկ սահմանափակելով սեփական արտադրական կարողությունը, ինչն էլ ներկայումս հանգեցնում է որոշ ապրանքատեսակների սակավությանը։ Հավայան կղզիներում մեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունները ստիպված էին վաճառել այդ պահին չօգտագործվող մեքենաների մի մասը, ինչի շնորհիվ ի վիճակի եղան դիմակայել համավարակի նետած մարտահրավերներին և գոյատևել մինչև կյանքի բնականոն հոսքի վերադարձը։ Սակայն կյանքի բնականոն հոսքի վերադարձն իր հետ բերեց պահանջարկի կտրուկ աճ, որին, արդեն, նրանք պատրաստ չէին։ 

Մեքենաների այս սակավությունը հանգեցրեց անհավանական գնաճի։ Մեքենաների օրավարձը հասավ հարյուրավոր դոլարների, այն դեպքում, որ վերոնշյալ՝ բեռնափոխադրման համար նախատեսված մեքենաների օրավարձը կազմում էր ընդամենը 20 ԱՄՆ դոլար որոշ հավելավճարով (Sampson, 2021)։ Առանձին վերցված այս զարմանալի փաստը ինքնին դեռ չի նշանակում, որ համաշխարհային տնտեսությունը կանգնած է աննախադեպ գնաճի և ապրանքատեսակների սակավության առջև, սակայն Հավայան կղզիներում ավտոմեքենաների վարձույթը մեկն է բազմաթիվ այլ ոլորտների շարքում, որտեղ նկատվում են խորքային խնդրիներ։ 

Ամերիկյան CNN պարբերականը վերջերս հրապարակել էր ցանկ, որում տեղ էին գտել հավի միսը, փայտը, միկրոչիպերը, որոշ մետաղներ և այլ նյութեր ու պարագաներ, որոնց միավորում էր սակավությունը։ Այս ապրանքատեսակների մեծամասնության դեպքում սակավության հիմնական պատճառներից է համարվում համավարակի պայմաններում դրանց առաջարկի և պահանջարկի կտրուկ տատանումները։ Օրինակ կետչուպի փոքր տարաները, որոնք հաճախ հանդիպում են արագ սննդի կետերում, սկսեցին շատ ավելի շատ օգտագործվել, երբ մարդիկ սկսեցին ավելի հաճախ օգտվել սննդի առաքման ծառայություններից։ Մյուս ռեստորաններն ու սրճարանները նույնպես սկսեցին օգտվել այդ տարաներից, ինչը հանգեցրեց շուկայում դրանց բացակայության։ 

Համաշխարհային տնտեսության աստիճանական վերաբացման պայմաններում հնարավոր գնաճը դարձել է ամենաքննարկվող վտանգներից մեկը։ ԱՄՆ Դաշնային Պահուստի նախագահ Ջերոմ Փաուելն իր հայտարարություններում հաճախ օգտագործում է “transitory” կամ անցումային տերմինը՝ ներկայումս նկատվող գնաճը նկարագրելիս, սակայն հասարակության և հատկապես ներդրողների մի ստվար զանգված անհանգստացած է անցումային գնաճի տևողությամբ և մաշտաբներով (Summers, 2021)։ Մեկ տարուց ավել որոշ չափով սահմանափակված համաշխարհային տնտեսության ամբողջական վերաբացումը բերելու է պահանջարկի հերթական աճին, ինչում մեծ դեր կունենան նաև կառավարությունների կողմից այս ընթացքում ապահովված հավելյալ միջոցները, մարդկանց խնայողությունները ժամանցի վայրերի փակ լինելու պատճառով, և այլն (Richter, 2021)։  Այս համատեքստում ֆինանսական շուկաներում նկատվում է ներդրողների կողմից անվստահություն և գնաճի վախով պայմանավորված անկայունություն։ Զրոյական վերաֆինանսավորման տոկոսները գրեթե բոլոր կարևորագույն արժույթների համար հանգեցրել են այլ ակտիվների թռիչքաձև աճի, ինչպես, օրինակ, նկատվում է ԱՄՆ արժեթղթերի շուկայում։ Ներդրողների հիմնական խնդիրը գնաճի հետ կապված այն է, որ անկառավարելի դառնալու դեպքում այն կստիպի Փաուելին դիմել կտրուկ քայլերի՝ այն կանխելու նպատակով։ Գնաճի կանխարգելման միջոցներից է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որը հանգեցնում է պարտատոմսերի շուկայում տոկոսների բարձրացմանը, որն էլ իր հերթին նշանակում է, որ պարտատոմսերը դառնում են համեմատաբար ավելի շահավետ ներդրում։ Բարձր տոկոսադրույքով պարտատոմսերը գրավում են ավելի շատ ներդրողներ, որոնք վաճառում են իրենց այլ ակտիվները, օրինակ՝ որոշ արժեթղթեր, այդպիսով նպաստելով դրանց արժեզրկմանը։ 

Չնայած նրան, որ գնաճի մասին զգուշացումներն ու մտավախությունները բավականին հաճախ են հանդիպում, ներդրողների շրջանում միևնույն է կա վստահություն, որ տոկոսադրույքների բարձրացումներ մոտ ապագայում չեն ակնկալվում։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ըստ Ֆիլիպսի կորի, հանգեցնում է կարճ ժամանակային հորիզոնում գործազրկության աճի, ինչն, առանց այդ էլ համավարակի խոշորագույն հետևանքներից է և կառավարությունների համար ամենահրատապ խնդիրներից մեկը։ ԱՄՆ–ում այս տարվա ապրիլին դեռ 8.2 միլիոն ավել գործազուրկ կար համեմատած 2020թ. փետրվարի հետ (Wolf, 2021)։ Եվրոպական երկրներում նույնպես աշխատուժը դեռ չի վերադարձել մինչև համավարակը եղած ցուցանիշներին, այնպես որ, առայժմ գնաճն ընդունվում է որպես անհրաժեշտ երևույթ տնտեսության վերականգնման գործում (Eurostat, 2021)։

Հղումներ`

Eurostat. (2021). Unemployment statistics. Վերցված հետևյալ աղբյուրից. Eurostat:

https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Unemployment_statistics

Richter, W. (2021). Free-Money Stimmies Blow Out Consumer Income & Spending on Goods for a Glorious WTF Chart of the Yea. Վերցված հետևյալ աղբյուրից. Wolf Street: https://wolfstreet.com/2021/04/30/wtf-charts-of-the-year-free-money-from-the-sky-stimmies-blow-out-consumer-income-and-spending-on-durable-goods/

Sampson, H. (2021). Tourists in Hawaii are driving U-Hauls because rental cars are so expensive. Վերցված հետևյալ աղբյուրից. The Washington Post:

https://www.washingtonpost.com/travel/2021/05/03/hawaii-uhaul-car-rental-shortage/

Summers, L. H. (2021). Opinion: The inflation risk is real. Վերցված հետևյալ աղբյուրից. The Washington Post:

https://www.washingtonpost.com/opinions/2021/05/24/inflation-risk-is-real/

Vera, A., & Sutton, J. (2021). Rental car prices are so high in Hawaii, tourists are renting U-Haul trucks. Վերցված հետևյալ աղբյուրից. CNN Business:

https://edition.cnn.com/2021/04/25/us/hawaii-u-haul-tourist-rental-trnd/index.html

Wolf, Z. B. (2021). Here’s the truth about the labor shortage. Վերցված հետևյալ աղբյուրից. CNN Politics:

https://edition.cnn.com/2021/05/22/politics/what-matters-labor-shortage/index.html

Related posts

Էլեկտրոմոբիլներ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԲԱՂԵՑՆԻ՞ ՄԵՐ ՏԵՂԸ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Սթրիմինգային պատերազմներ. Մաս 2 (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan